Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Փետրվար / 2021 : 12-51

Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել

Շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել, որում տվել է վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է.

«Սիրելինե՛րս,

 Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են:

Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը:

Ես անկեղծորեն հպարտանում եմ նրանով, որ պատիվ եմ ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը:

2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս 3 տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն սահմանել էր 15 րոպե:

Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի երկրորդ հպարտությունն են՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամարտում մեր հաղթանակից հետո:

 

Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա:

Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:

Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին:

Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաև ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս և բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները և հասկանում են ինձ:

Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձություն տալիս»: Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, և յուրաքանչյուր նորը ես ընդունում եմ խոնարհությամբ և երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս մեկն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ:

Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը:

Իսկ մինչ այդ, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս և անգամ հեռվից շարունակելու եմ հնարավորն ու անհնարինն անել իմ երկրի համար»:

Դիտվել է 13490անգամ
Վերջին լուրեր