Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Մարտ / 2021 : 18-12

Սուքիասյանների՝ Արցախում որևէ ներդրման մասին տվյալներ չկան

Yerkir.am-ը գրում է.

Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակնհայտորեն ակտիվացել է Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ արդի փուլում՝ Նիկոլ Փաշինյանի առանցքային հենարաններից մեկը՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Շուրջ 10 հազար քառակուսի կմ տարածք, կարևորագույն ռազմավարական դիրքեր, հանքեր ու էներգետիկ պաշարներ թշնամուն հանձնելու, Արցախում անորոշ ու մղձավանջային իրադրության, ՀՀ-ում ծայր առած տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի պայմաններում Խաչատուր Սուքիասյանն առանձնակի գովասանքով է խոսում Փաշինյանի կառավարության «հաջողությունների» մասին: Այդ շարքում նա հատուկ շեշտում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամական կապերի ամրապնդման միջոցով ՀՀ-ում երջանիկ կյանքի ապահովման հեռանկարները:

Հաշվի առնելով գործարարի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ ունեցած նման բարձր վստահությունն ու ջերմությունը և այն հանգամանքը, որ այդ տանդեմը տասնամյակներով պահանջել է Արցախի ինչպես ազատագրված, այնպես էլ նախկին ԼՂԻՄ-ի տարածքները հանձնել Ադրբեջանին, որոշեցինք պարզել, թե ՀՀ-ում 1996 թ. հիմնադրված «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի կամ Սուքիասյանների ընտանիքին պատկանող այլ կազմակերպությունների կողմից անցած 25 տարիների ընթացքում ինչպիսի՞ ներդրումներ են իրականացվել Արցախի Հանրապետությունում: Որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել այդ ներդրումների արդյունքում: Արցախի կառավարությանն ուղղված պաշտոնական հարցման մեջ խնդրել էինք ներդրումները ներկայացնել ըստ ոլորտների, տեսակի, չափի և այլ մանրամասներով:

Անչափ հետաքրքիր էր իմանալը, թե նշված ներդրումների որքա՞ն մասն է (տոկոսային հարաբերակցությամբ) կատարվել ազատագրված և 2020 թ. վերստին թշնամուն հանձնված 7 շրջաններում (1. Կուբաթլի-Որոտան, 2. Զանգելան-Կովսական, 3. Ջաբրայիլ-Ջրական, 4. Ֆիզուլի-Վարանդա, 5. Աղդամ-Ակնա, 6. Քելբաջար-Քարվաճառ, 7. Լաչին-Բերձոր), և որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել այդ շրջաններում:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից ստացված պատասխան գրության մեջ (կցվում է) նշված է, որ նախարարությունը չի տնօրինում հարցմամբ պահանջվող տեղեկության: Նախարարության «քաղաքավարի» պատասխանից կարելի է եզրակացնել, որ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի կամ Սուքիասյանների ընտանիքին պատկանող այլ կազմակերպությունների կողմից նշանակալից որևէ ներդրման մասին խոսք չի կարող լինել: Այլապես՝ հազիվ թե ԱՀ կառավարության այս կամ այն օղակը չտիրապետեր այդ տեղեկատվությանը: Եթե Սուքիասյանների կողմից տրամադրվեն նման փաստեր՝ պատրաստ ենք հրապարակային բարձրաձայնել դրանց մասին:

 

Պարզորոշ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ճանապարհների բացման ու բարեկամական կապերի ստեղծման ջատագով Սուքիասյանների ընտանիքը ազատագրված տարածքներում որևէ ներդրում հազիվ թե աներ, քանի որ այս հարցում իրենք ոչ միայն կամ ոչ այնքան տնտեսական, այլև գաղափարական մոտեցումների խոր անջրպետ են ունեցել ազգային հողի վրա գործող այլ գործարարների կամ կազմակերպությունների հետ: Այս իրողությունն անժխտելի է, և միմիայն բիզնես շահեր հետապնդող Սուքիասյանների մոտեցումները 180 աստիճանով տարբեր են, օրինակ, Քաշաթաղի և Շահումյանի (շրջանի հարավարևմտյան խոշոր հատվածի՝ Քարվաճառի) շրջանների զարգացման նպատակով 2009 թ. ստեղծված և անցած տասնամյակի ընթացքում միայն բնակարանաշինության և գյուղատնտեսության ոլորտում շուրջ 7 մլն դոլարի ներդրում իրականացրած «ԱՐԻ» («ARI»՝ «Արցախ ռուց ինվեսթմընց» (Artsakh Roots Investment)) ներդրումային ընկերության գործարարների մոտեցումներից: Առաջին դեպքում՝ Արցախի Շահումյանի (Քարվաճառի) և Քաշաթաղի շրջանները բեռ են դիտարկվել, խոչընդոտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարեկամանալու ճամփին, երկրորդ պարագայում՝ դրանք համարվել են Հայրենիք՝ այստեղից բխող բոլոր «հետևանքներով»:

Առաջին դեպքում տիրապետող է եղել տերպետրոսյանական մոլորեցնող մոտեցումը՝ «բեռը» հանձնենք, որ թուրքերի հետ կողք կողքի լավ ապրենք, երկրորդ պարագայում՝ «զարգանանք՝ չզիջելով»-ը: Արդյունքում՝ Սուքիասյաններն ամեն գնով աջակցել են Տեր-Պետրոսյանին, իսկ այսօր՝ նրա աշակերտ Փաշինյանին (գործարար Խ. Սուքիասյանն անձամբ մասնակցում էր Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքին), որը գրչի մի հարվածով հանձնեց ՀՀ-ի համար կյանքի արժեք ունեցող Քարվաճառի շրջանը, իսկ երկրորդ խմբի գործարարները Քարվաճառն իրապես համարել են «Հայոց միջնաբերդ»՝ կառուցելով այնտեղ «Սիդնեյ» թաղամասն ու կատարելով միլիոնավոր դոլարների ներդրումներ:

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության պատասխանից պարզորոշ է՝ Սուքիասյանների ընտանիքը, ըստ էության, որևէ նշանակալի ներդրում չի կատարել Արցախի՝ ոչ միայն ազատագրված, այլև նախկին ԼՂԻՄ-ի տարածքում, օրինակ՝ Հադրութում, Մարտակերտում, Շուշիում կամ մայրաքաղաք Ստեփանակերտում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

Դիտվել է 6769անգամ
Վերջին լուրեր