Քնեց պապս... առանց խռռացնելու քնեց
Ասում են՝ մարդը երկու անգամ է մահանում. մեկը՝ ֆիզիկապես, մյուսը՝ երբ այլևս չեն հիշում նրան: Կողքի սենյակից լսվող անսովոր ձայնը խանգարում էր քնել: Վեր կացա, հնարավորինս անձայն մոտեցա և բացեցի փայտե հնամաշ դուռը, որը խոնավ պատի հետ միասին բաժանում էր մեր և հարևան սենյակները:
Անսովոր ձայնը սկսեց ավելի բարձր լսվել: Շրջվեցի, համոզվեցի, որ ծնողներս արթուն չեն, և մտա հարևան սենյակ: Անկողնուն պառկած էր պապս... քնած էր… մթության մեջ կարողացա միայն տեսնել, որ դեմքով դեպի առաստաղն է պառկած: Անսովոր ձայնը լսվում էր պապիս գլխի կողմից… ականջս մոտեցնում էի գլխին, երբ վախից վեր թռա՝ լսելով անունս… հայրս էր… չգիտեմ ինչպես նկատել էր, որ անկողինս դատարկ է, ու ճիշտ հետքերով էր եկել: Հայրս նորից շշնջաց անունս ու մոտեցավ ինձ: - Ի՞նչ ես անում: - Էս ի՞նչ ձայնա գալիս պապիկի գլխից: - Էդ ձայնը պապիկի քթիցա գալիս, խռռացնումա: - Խռռացնումա՞,- կրկնեցի անծանոթ բառն ինքս ինձ համար և փորձեցի հասկանալ իմաստը,- ինչիա՞ պապիկի քիթը խռռացնում: - Սու՛ս մնա, արի՛ գնանք քնենք, վաղը կբացատրեմ:
- Չէ՛, հիմա բացատրի: - Չէ, ասեցի՝ վաղը: Արի՛: Բռնեց ձեռքս ու տարավ մեր ննջարան: - Քնի՛,- համբուրեց ճակատս ու պառկեց: Ինքս էլ պառկեցի ու փորձեցի ինքնուրույն հասկանալ նոր բառի իմաստը… չստացվեց… փակեցի աչքերս և ստիպեցի քթիս նմանատիպ ձայն հանել… էվրիկա՜… ես էլ էի կարողանում խռռացնել: - Հերիքա տենց ձայներ հանես, քնի՛, ասեցի,- զայրացավ հայրս: Ինքնագոհ քնեցի: 2. Հինգ եղբայր ու երկու քույր էին: Պապս երրորդն էր և ամենահարմարը քաղաք ուղարկելու համար: Ավագ եղբայրը, ով նաև ընտանիքի հոր պարտականություններն էր կատարում ( հոր փոխարեն սև թուղթ էր վերադարձել պատերազմից), որոշել էր եղբայրներից մեկին մայրաքաղաք ուղարկել՝ սովորելու: Մեծ էր նրանց զարմանքը, երբ Երևան ժամանելուց հետո պարզեցին, որ քառամյա դպրոցական կրթություն ունեցող պապիս հնարավոր չէր գոնե տեխնիկում ընդունել: Սակայն վարդագույն քաղաքն այնքան հիացրեց պապիս, որ, ստանալով եղբոր համաձայնությունը, մնաց Երևանում և բանվորական աշխատանքի անցավ երբեմնի հզորագույն գործարաններից մեկում՝ Նաիրիտում: Երեք տարի քաղաքամայր Երևանի ծայրամասում գտնվող հանրակացարանում ապրելուց հետո պապս զանգեց եղբորը և ասաց, որ տուն է ուզում:
Հինգ եղբայր հինգ ամսում կառուցեցին այն տունը, որտեղ ես էլ էի ապրում այն ժամանակ, երբ դեռ կարողանում էի զարմանալ: 3. Մինչ օրս սովետական ժամանակաշրջանում լավ կյանք ապրած մարդկանց կողմից հիշատակվող <<Բանվորի արձան>>-ից մի քանի հարյուր մետր հեռու էր պապիս տունը… մեկհարկանի, հինգ նույն չափի սենյակ, խոհանոց, բաղնիք և տան հետ կապ չունեցող տախտակե արտաքնոց, որի դռան լայն արանքից տեսանելի էր հարևան տան բաղնիքում կատարվող գոլորշաշատ իրադարձությունները: Նաև փոքրիկ հողակտոր կար, որտեղ պապս խաղող էր աճեցնում և մեղու պահում: Երեք որդի ուներ պապս… երեքն էլ ամուսնացել էին և երկուական թոռ նվիրել պապիս: - Պապիկն ամենաշատն ինձա սիրում,- ասում էինք յուրաքանչյուրս, երբ հպարտանալու ժամանակն էր գալիս: Իսկ իրականում պապս ամենաշատն ինձ էր սիրում, որովհետև միայն ինձ էր տանում գազանանոց: Անթաքույց հրճվանքով նայում էի քույրերիս ու եղբայրներիս, երբ գազանանոցից վերադառնալուց հետո տեսնում էի, թե ինչպես են շրջապատում պապիս ու խնդրում, որ հաջորդ անգամ իրենց էլ տանի: - Ա'յ կնիկ, հարսներիդ ասա', թող գան էս լակոտներին տիրություն անեն… զահլես տարան արդեն,- ասում էր պապս և զայրանում վրաս, որ չեմ կատարել խոստումս ու բոլորին պատմել եմ, թե միասին ուր էինք գնացել:
4. - Պապի՛կ: - Ջա~ն,- հորանջելով պատասխանեց ընդամենը մեկ հանգստյան օր ունեցող պապս, երբ հյուրասենյակի բազմոցին խռռացնելու փոխարեն ինձ գազանանոց էր տարել: - Առյուծները քնում են, չէ՞: - Հա, բա ո՞նց... բոլոր կենդանիներն էլ քնում են: - Բա ձկնե՞րը: - Ձկներն էլ, թռչուններն էլ: - Պապի՛կ, - շարունակեցի փոքրիկ դադարից հետո: - Պապիկն ուտի շուռուպդ, ասա՛,- պատասխանեց քաղցած պապս: - Բա ձկները ո՞նց են ջրի մեջ քնում: - Քնում են էլի,- նստարանին նստելով՝ ասաց պապս: - Իսկ թռչունները օդու՞մ են քնում: - Չէ, գետնի վրա... նստի՛ ստեղ: Նստեցի պապիս կողքին ու ևս մեկ դադարից հետո կրկին բացեցի հարցաշարս: - Պապի՜կ: - Հը՞: - Կենդանիները քնած ժամանակ խռռացնու՞մ են: - Չէ: - Բա ձկները՞: - Ոչ էլ ձկները... մառոժնի կուտե՞ս: - Հա, բայց մի քիչ հետո: - Ինչի՞: - Հիմա խոսում ենք: - Չեմ ուզում խոսանք:
Վերցրու՛ էս, գնա էն տատիկի մոտից մառոժնի առ,- 10 կոպեկանոց տվեց: - Էսկիմո՞ առնեմ: - Հա: - Դու չե՞ս ուտում: - Չէ: - Պապիկ, իսկ թռչունները խռռացնու՞մ են: - Գնա, մառոժնի առ, հերիքա հարցեր տաս: - Պատասխանի, գնամ: - Չէ, թռչուններն էլ չեն խռռացնում: Գնացի, պաղպաղակ գնեցի, վերադարձա ու շարունակեցի հարցախեղդ անել պապիս այնքան, մինչև պաղպաղակը հալվեց ու թափվեց վերնաշապիկիս: Ցայտաղբյուրի ջրով պապս իբր թե մաքրեց վերնաշապիկիս լաքան ու նոր պաղպաղակ գնեց, որն ուտելուց հետո միայն հաջորդ հարցը տվեցի: - Էսօր, որ գնանք տուն, քնենք, էլ չխռռացնես, հա՞: - Չեմ կարող: - Ինչի՞: - Չգիտեմ: - Մամաս ասումա, որ դու խռռացնում ես, որովհետև չաղ ես: Ծիծաղեց: - Ճիշտա՞ ասում, պապի՛կ: - Դե, որ մամադա ասում, ուրեմն ճիշտա: Գեր էր պապս: Արթուն ժամանակ պառկում էր մեջքի վրա, ինձ գրկում, նստեցնում փորին ու սովորեցնում <<Հայր մեր>>-ն արտասանել: Իսկ, երբ ինքնուրույն ամբողջությամբ արտասանում էի, ուրախանում էր, Լենինի գլխապատկերով մեկ ռուբլիանոց կոպեկ էր տալիս, որպեսզի գնայի և Լենինի գլխապատկերով էսկիմո գնեի բոլոր եղբայրներիս, քույրերիս ու մեր մայրերի համար: 5. Մեղուն կծել էր ձեռքս, լաց էի լինում: Մայրս տարավ պապիս մոտ, ով առանց որևէ պաշտպանական հատուկ հագուստի, հերթով բացում էր փեթակներն ու մաքրում: Դա էր մեղուների ակտիվության պատճառը, որոնցից մեկի թիրախը դարձա: - Պա՛պ... պապա՜,- կանչեց պապիս մայրս՝ կանգնելով հողամասի եզրին: Պապս հարցական մեր կողմ նայեց: - Մեղուն կծելա, ի՞նչ անեմ: Պապս չպատասխանեց: Փակեց փեթակը, մոտեցավ, ծնկեց դիմացս ու վերցրեց ձեռքս: - Ցավումա, պապի՜կ,- սկսեցի ավելի բարձր լաց լինել: Մատով սեփական թուքը վերցրեց ու քսեց ձեռքիս կծածին: - Էլ մի՛ նվնվա, հեսա կանցնի: Ասաց ու վերադարձավ իր գործին: Երկու րոպե անց ցավն անցավ:
Երեկոյան հայրս բացատրեց, որ պապիս օրգանիզմն արդեն հակաթույն է արտադրում: Հավատացի, քանի որ ցավն անցավ: Հետագայում անթաքույց հիացմունքով ու հետաքրքրությամբ կանգնում էի պապիս կողքին, երբ մաքրում էր փեթակները կամ մեղր քամում և պատմում էր մեղուների մասին: Շատ բան գիտեի մեղուների մասին. գիտեի, որ ամեն փեթակում ընդամենը մեկ մայր մեղու կա, որը թագուհու նման իշխում ու կառավարում էր մնացած որձ մեղուներին, որոնցից ամեն մեկն ի ծնե գիտեր իր առաքելությունը և հստակ ու անձնվիրաբար կատարում էր այն: Որձ մեղուները բաժանվում են երեք խմբի՝ զինվորներ, որոնք պաշտպանում էին իրենց փեթակն օտար միջատներից, աշխատավորներ, որոնք նեկտար են բերում ու դրանից մեղր ստանում և բոռեր, որոնք լույս աշխարհ են գալիս ու ապրում միան նրա համար, որ բեղմնավորեն թագուհուն: 6. Խաղողի մասին էլ ահագին բան գիտեի: Ոտաբոբիկ տրորում էի մեծ փայտե թեշտի մեջ լցրած խաղողն ու անվերջանալի հարցեր տալիս ամենահարազատ ալեհեր ծերուկին, ով երկնային համբերատարությամբ պատասխանում էր բոլոր հարցերիս անխտիր: - Խմի՛,- ասում էր պապս, երբ տրորածս խաղողի հյութը մշակելուց հետո գինի էր դարձնում ու, կես բաժակ լցնելով, տալիս էր ինձ: Խմում էի ու ծամածռում դեմքս: - Լավնա չէ՞,- հարցնում էր՝ սպասելով դրական պատասխանի: - Չէ, դառնա՜:
- Գինուց բան չես հասկանում,- վերցնում էր ձեռքիս բաժակը, լիքը լցնում ու դատարկում՝ վայելելով ամեն կաթիլը: Բոլոր բարեկամներին ու հարևաններին գինի ու մեղր էր տալիս պապս, իսկ հարևան Մուշեղին՝ միայն մեղր, որովհետև հարբեցող էր: - Պապի՛կ,- հարցրեցի մի անգամ, երբ մառանում գինի էինք համտեսում: - Հը՞: - Գինին էլա՞ մեղրի պես բուժիչ: - Հա՜,- ասաց՝ դատարկելով գինու բաժակը: - Բա ինչի՞ չես տալիս տատիկը խմի, որ լավանա: - Է՜հ,- մռայլվեց պապս՝ դատարկելով երկրորդ բաժակը: Զարմացա, որովհետև նախկինում նման բան չէր արել: 7. Ինսուլտից երեք ամիս անց տատս մահացավ: Ձմեռ էր: Տատիս վերադարձրին հողին իր հայրենի գյուղի գերեզմանոցում, որտեղ մինչ այդ չէի եղել: Ոչ հուղարկավորության ժամանակ, ոչ էլ դրանից առաջ պապս լաց չեղավ: Տխուր էր, լուռ, բայց լաց չեղավ: Արցունքները եկան տանը, երբ գիշերը խռռացնելու փոխարեն լաց էր լինում: Չքնեցի այդ գիշեր: Պառկել էի, փակել աչքերս, բայց քնելու փոխարեն լսում էի մի անծանոթ ձայն, որի պատճառն արդեն գիտեի: Դրա համար էլ ոչ ոքի հարցեր չէի տալիս: Տատիս գնալուց հետո պապս փոխվեց. լռակյաց ու իմաստուն դարձավ: Սկսեց ավելի մանրամասն պատասխանել հարցերիս: Պետությունը քանդեց պապիս քաղաքի տունն ու դրա փոխարեն երեք բնակարան տվեց ծաղկող Երևանի ծայրամասում գտնվող նորակառույց շենքերում. երկուսը երեք սենյականոց, մեկը՝ չորս: Բաժանվեցինք: Ամեն ընտանիք արդեն իր բնակարանն ուներ, որոնցից մեկում՝ չորս սենյականոցում, ապրում էր պապս: Քույրերս ու եղբայրներս դարձան հորեղբոր զավակներ: Հայրս կատարեց պապիս պահանջն ու տուն կառուցեց նրա ծննդավայրում:
Պապս գնաց ու ապրեց այնտեղ: Շարունակում էր մեղու պահել, խաղող աճեցնել, շուն ու հավեր ուներ և մի մեծ հողակտոր, որն ընդամենը երկու տարում դրախտավայր դարձրեց: Արթնանում էր աքլորի կանչի ու դրան հաջորդող շան հաչոցի հետ, մշակում էր հողակտորը, որի բարիքները վայելում էին երեք զավակները, թոռներն ու հարսները: Իսկ ամեն երեկո ոտքով գնում էր տատիս այցելության: Մի անգամ գնացի հետը: Արտասովոր ոչինչ չարեց: Խունկ ծխեց, մաքրեց տարածքն ու լուռ նստեց կնոջ կողքին՝ անթարթ նայելով շրջապատող լեռներին: - Ե՞րբ են տանելու,- հարցրեց: Առաջին անգամն էր, որ պապս սկսեց մեր երկխոսությունը: Երևի դրա համար շփոթվեցի ու հարցը չհասկացա: - Ու՞ր: - Բանակ: - Երկու ամսից: - Պատերազմը շուտվանից վերջացելա, վախենալու բան չկա... չես վախենում չէ՞: - Չէ: - Ես էլ բանակ գնացի, երբ արդեն վերջացել էր պատերազմը: - Որտե՞ղ ես ծառայել: - Նավի վրա... երեք ու կես տարի: - Ինչի՞ էդքան շատ: - Ձևն ըտենց էր... հո՞ չես ծխում: - Չէ, ովա՞ ասել: - Դու: - Ես ե՞րբ եմ քեզ տենց բան ասել: - Հենց նոր: - Ի՞նչ ես խոսում, ա՛յ պապ: - Քանի շուտա թարգի էդ զիբիլը... ու մյուս անգամ չխաբես ինձ: - Գալու՞ ես բանակիս քեֆին,- ասացի թեման փոխելու համար: - Չգիտեմ... թող վախտը գա, կորոշեմ... էդ ծխելդ էլ անպայման կթարգես, էղա՞վ: Չուզեցի նորից ստել, դրա համար էլ չպատասխանեցի: 8. Ութսունչորսը լրացավ մեր տանը: Արդեն երեք տարի էր՝ քաղաքում էր ապրում: Վերջին տարիներին դժվարանում էր գյուղում մենակ ապրել:
Ծերացել էր պապս: Խաղողը չորացել էր, մեղուները սատկել էին, դրախտային այգուց մնացել էին միայն հիշողություններ: Հայրս խնդրեց, որ քաղաք գա. եկավ: Պապս ապրում էր բնակարանում: Արթնանում էր նույն ժամին, բայց վեր էր կենում ժամեր անց, որպեսզի չխանգարի քնածներին: Նախաճաշում էր, <<Պեչատնի>> օղի խմում, գիրք կարդում, անընդհատ բողոքում իր կարգավիճակից, հայհոյում բնակարան ստեղծողին, հաճախ հիվանդանում ու խռռացնելով քնում: Ապրում էր, որովհետև այլ անելիք չուներ: 9. Դեռ լույսը չէր բացվել... ասաց, որ վատ է զգում: Ժամեր շարունակ բողոքում էր՝ ինքն էլ չհասկանալով ինչից: Հետո նստեց բազմոցին... Լռեց: Կանգնած էի նրանից քիչ հեռու, երբ գնաց... Տեսա, թե ինչպես գնաց: Հետաքրքիրն այն էր, որ ցավի մասին ողջ օրվա ընթացքում երբևէ չհիշեց: Եթե ցավ զգար, կասեր, հաստա՛տ կասեր(միշտ ասում էր): Երբ լռեց, հասկացա, որ համաձայն է... Քնեց պապս... Առանց խռռացնելու քնեց:
Հեղինակ Արսեն Սարգսյան Նյութի աղբյուրը` Yelaket.am
Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։