Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Ապրիլ / 2020 : 02-58

«Եվ երբ մի գեղեցիկ օր սիրահարվես մեկնումեկին, նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որ այդ մասին գրի քեզ...» 

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռայիմ գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի եղի՛ր և պարիր, աստղ եղի՛ր և փայլի՛ր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդի՛ր եղիր հորդ ձայնին.


Գիտե՞ս, թե քանի գիշեր եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունն իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա՛, տեսնում էի քո ապագան, քո այսօրը: Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են .«Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք՝ ինչ էր նրա անունը`Չարլի»:

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես՝ ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները: Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա՛: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի՛, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում, Ջերալդինա՛… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…

Ահա նա՝ իմ հեքիաթը: Ես գիտեմ՝ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին՝ ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները… Եվ չնայած այդ ամենին՝ ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:

Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը, Ջերալդինա՛, հետևում է իմը՝ Չապլին: Այդ անունով ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես լաց եմ եղել ավելի, քան նրանք ծիծաղել են: Ջերալդի´նա, աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյութուն ունեն: Կեսգիշերին, երբ դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հպարտ երկրպագուներին, բայց մի´ մոռանա տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու´ նրա կնոջ մասին… Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն այդօրինակ ծախսերդ:

 

Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի´ր մարդկանց, նայի´ր այրիներին և որբերին, և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո´, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրի´կս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է ոտքերը: Եվ եթե գա այն պահը, երբ քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո´ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձաններ:

Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկ, ավելի նազելի, ավելի հպարտ, քան դու: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

Նայի´ր, ուշադի´ր նայիր: Չի՞ թվում արդյոք, որ նրանք քեզանից լավ են պարում: Խոստովանի´ր, աղջի´կս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշի´ր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

Ես պիտի մեռնեմ, իսկ դու դեռ պիտի ապրես…: Ուզում եմ, որ երբեք չիմանաս՝ ինչ բան է աղքատությունը:

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի´ մոռացիր հիշեցնել քեզ, որ երկրորդը քոնը չէ, պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Քեզ հետ փողի մասին եմ խոսում, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Մի´ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքով, գիտցի´ր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ մի գեղեցիկ օր սիրահարվես մեկնումեկին, նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որ այդ մասին գրի քեզ:

Նա սերը ավելի լավ գիտի, քան ես, նրան ավելի է վայել խոսել այդ մասին…

Քո աշխատանքը ծանր է, գիտեմ: Մարմինդ ծածկված է միայն մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված և մաքրված:

Գիտեմ, որ հայրերի ու որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջի´կս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել տողերի վրա, ուզում եմ հավատալ, որ Սուրբ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

Չարլին արդեն ծերացել է, Ջերալդինա՛: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի այցելես իմ գերեզմանին: Առայժմ չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն պահին, երբ արյունը կսառչի իմ երակներում, դարձյալ մի´ մի մոռանա հորդ՝ Չարլիին:

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ լինել մարդ:

Փորձիր և դու:

Համբուրում եմ քեզ:

ՉԱՐԼԻ

Author's cover photo
Ամսաթիվ 18 / Ապրիլ / 2020 : 02-58
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 39217անգամ
Վերջին լուրեր