Յուրաքանչյուր 7 երեխայից 1-ը նախորդ տարվա մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով իր հոգեկան առողջությունը
ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր նախազգուշացնում է, որ աշխարհում 7 երեխայից առնվազն 1-ը, կամ 332 միլիոն երեխա, իր երկրում COVID-19 համավարակի մեկնարկից հետո, արդեն առնվազն ինը ամիս ապրում է պարտադիր կամ կամավոր մեկուսացման պայմաններում` դրանով իսկ վտանգելով սեփական հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը:
Չնայած վերջին մեկ տարում գրեթե բոլոր երեխաների կյանքում որոշակի սահմանափակումներ առկա են եղել՝ Օքսֆորդի համալսարանի COVID-19 Պետական արձագանքման հսկիչի տվյալների հիման վրա իրականացված ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծությունը բացահայտում է աշխարհում ամենաերկարատև մեկուսացման պայմանները:
Վերլուծության համաձայն՝ աշխարհի 139 միլիոն երեխա, այդ թվում՝ Պարագվայի, Պերուի և Նիգերիայի նման երկրներում ապրող երեխաները, առնվազն ինը ամիս ապրել է պարտադիր մեկուսացման պայմաններում` սկսած 2020 թ. մարտի 11-ից, երբ COVID-19-ը համավարակ ճանաչվեց։ Մյուսները, այսինքն՝ գրեթե 193 միլիոն երեխա, նույնքան ժամանակահատված ապրել է կամավոր մեկուսացման պայմաններում:
«Համավարակի հետևանքով համապետական արգելափակումների և տեղաշարժի սահմանափակումների պատճառով այս տարին երկար թվաց բոլորիս, բայց հատկապես՝ երեխաների համար», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Երբ շարունակ կտրված ես սիրելի ընկերներից և բարեկամներից, կամ, գուցե, մեկ տան մեջ փակված ես բռնարարի հետ, դրա ազդեցությունը կարող է բավական ծանր լինել: Շատ երեխաներ վախ, միայնություն, անհանգստություն են զգում, և մտահոգվում են իրենց ապագայի համար: Մենք, այս համավարակից պետք է դուրս գանք՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով և, ըստ արժանավույն, կարևորելով, երեխաների և պատանիների հոգեկան առողջությունը»:
Համավարակի երկրորդ տարվա սկզբին արդեն ակնհայտ է դրա բացասական ազդեցությունը երեխաների և երիտասարդների հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական վիճակի վրա: Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում երիտասարդների շրջանում վերջերս, անցկացրած ՅՈՒՆԻՍԵՖ-ի U-Report հետազոտության ընթացքում պարզվել է, որ 8,000 մասնակիցներից մեկ քառորդից ավելին անհանգստություն է զգացել, իսկ 15%-ը՝ դեպրեսիա է ունեցել:
Դեռ համավարակից առաջ հոգեկան առողջության ռիսկի բեռն արդեն իսկ ծանր էր երեխաների ու երիտասարդների վրա. բոլոր հոգեկան խանգարումների կեսը զարգանում է մինչև 15 տարեկանը, իսկ 75%-ը՝ մինչ վաղ դեռահասություն: Ամեն տարի ինքնասպանության հետևանքով մահացող 800,000 մարդկանց մեծ մասը երիտասարդներ են, իսկ 15-19 տարեկան դեռահասների մահվան երրորդ հիմնական պատճառն ինքնավնասումն է: Հատկապես բարձր են ցուցանիշները դեռահաս աղջիկների շրջանում: Հաշվարկված է, որ աշխարհում ամեն 4 երեխայից 1-ն ապրում է հոգեկան խանգարում ունեցող ծնողի հետ:
Տանը բռնության ենթարկվող, անտեսվող կամ շահագործվող երեխաներից շատերը սահմանափակումների պայմաններում մնում են բռնության հետ դեմ առ դեմ՝ առանց ուսուցիչների, ընտանիքի կամ հասարակության աջակցության: Իսկ բնակչության խոցելի խմբերի երեխաների, օրինակ՝ փողոցում ապրող ու աշխատող, հաշմանդամություն ունեցող, կամ հակամարտությունների պայմաններում ապրող երեխաների հոգեկան առողջության կարիքները լիովին են անտեսվում:
ԱՀԿ-ի տվյաների համաձայն՝ COVID-19 համավարակը հոգեկան առողջության կարևոր ծառայությունների աշխատանքը խափանել կամ դադարեցրել է աշխարհի երկրների 93 տոկոսում, մինչդեռ հոգեկան աջակցության պահանջարկը գնալով աճում է: Չինաստանի 194 քաղաքներում կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ հարցվածների 16%-ը համավարակի ընթացքում ունեցել են միջինից ծանր դեպրեսիվ ախտանիշներ, իսկ 28%-ը՝ միջինից ծանր անհանգստության ախտանիշներ:
Նման պայմաններում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է կառավարություններին և գործընկեր կազմակերպություններին՝ մանկական ծառայություններին առաջնահերթություն տալու և դրանք ներդնելու գործում: Օրինակ, Ղազախստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործարկել է երեխաների համար անհատական առցանց խորհրդատվական ծառայությունների պլատֆորմ` զուգահեռ՝ դպրոցներում հեռավար ուսուցում կազմակերպելով հոգեկան առողջության մասնագետների համար: Չինաստանում երեխաների անհանգստությունը նվազեցնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը և սոցիալական ցանցերի «Kuaishou» ընկերությունն առցանց մարտահրավեր են գործարկել:
Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր «Երեխաների իրավիճակն աշխարհում» հերթական երկամյա հեղինակային զեկույցը նվիրելու է երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը՝ փորձելով բարձրացնել համաշխարհային մարտահրավերի վերաբերյալ իրազեկությունը և տալ լուծումներ, ինչպես նաև խրախուսել, որ պետություններն այդ խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնեն:
«Եթե մինչև COVID-19 համավարակը մենք լիովին չէինք հասկանում խնդրի հրատապությունը, հիմա միանշանակ դա հասկանում ենք», - ավելացրեց տիկին Ֆորը: «Պետությունները պետք է լուրջ ներդրումներ անեն՝ համայնքներում և դպրոցներում երիտասարդներին և նրանց խնամողներին տարամադրվող հոգեկան առողջության և աջակցության ընդլայնված ծառայությունների զարգացման ուղղությամբ: Մեզ անհրաժեշտ են նաև ծնողավարության ավելի ընդգրկուն ծրագրեր՝ անապահով ընտանիքների երեխաներին տանը անհրաժեշտ աջակցություն տրամադրելու և նրանց պաշտպանելու համար»: