Արմեն Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես Պիղատոսը, և սա ամենադառը իրականությունն է. Արծվիկ Մինասյան
Արմեն Սարգսյանը վարվեց այնպես, ինչպես Պիղատոսը, և սա ամենադառը իրականությունն է: Նա կարող էր իրականացնել ընդամենը մեկ օր առաջ, և Օնիկ Գասպարյանին աշխատանքից հեռացնելու ապօրինի առաջարկը ՍԴ-ում վիճարկել, բայց նա որոշեց ձեռքերը լվանալ և հիմա ամպագոռգոռ հայտարարություններ է անում, թե դիմել է դատարան օրենքի դրույթը վիճարկելու համար: Այս մասին այսօր Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Այս լարված իրավիճակում նախագահի դիմումը հանգուցալուծում չի կարող տալ: «Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրավիճակը հանրությանը և պետությանը տանում է բացարձակ և բացահայտ անկման: ԶՈՒ ԳՇ-ն միակ լեգիտիմ ինստիտուտն է, որը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և պաշտպանությունը: Ակնհայտ է, որ օրենքների թերի կարգավորման արդյունքում ստեղծվել է վեճ, և ԶՈՒ ԳՇ-ն, ԳՇ պետը, բարձրագույն հրամանատարական կազմը պետք է մնան և չառաջնորդվեն Կառավարության ղեկավարի ցանկություններով»:
Մինասյանը նշեց, որ ցանկացած բախման պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանի վրա է մնալու, և այդ դեպքում առանց ցնցման միակ լուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որից հետո էլ կսկսվեն հանգուցալուծումների բանակցությունները: Նա ներկայացրեց, որ այստեղ նաև պետք է գործի «Իմ քայլը» խմբակցությունը՝ արտահերթ հրավիրելով, ռազմական դրությունը հանելով, Փաշինյանին պաշտոնանկ անելով:
«Ի վերջո, սա բոլորիս երկիրն է, չի կարելի նեղ քաղաքական, խմբային, փոքր, սահմանափակ մտածողությամբ առաջնորդվել: Սա իշխանության, աթոռի կռիվ չէ, սա հայրենիքի փրկության հարց է, և այդ հարցում բոլորի մասնակցությունը կարևոր է»,-ասաց նա: