160 վիրաբույժ՝ 20 երկրից.
«IHC Armenia 2019» կոնֆերանսը

Դեռևս 2019 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացված “IHC Armenia 2019” միջազգային կրթական կոնֆերանսը հնարավորություն ընձեռեց վիրաբույժներին՝ ծանոթանալու միմյանց և կիսվելու հմտություններով։ Կոնֆերանսին մասնակցեցին շուրջ 160 վիրաբույժ աշխարհի 20 երկրից՝ քննարկելու ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներն ու հիշյալ ոլորտի բարդ իրավիճակները։
Միջոցառման կազմակերպման նախաձեռնությունն ամերիկաբնակ հայազգի ընդհանուր վիրաբույժ Թալար Թեջիրյանինն էր, ով կարևորելով մասնագիտական քննարկումների արդյունավետությունը, կարողացավ աշխարհի վիրաբույժներին համախմբել Հայաստանում։
«Մասնագիտական կրթական կոնֆերանսը նախ բացառիկ հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին միասին քննարկել արդի մեթոդներն ու բարդ իրավիճակների հնարավոր լուծումները։ Իսկ այն հանգամանքը, որ մասնակիցները սպասվածից ավելին էին, մեզ համար էլ ավելի ուրախալի էր։ Հայ վիրաբույժները կոնֆերանսի օգնությամբ հնարավորություն ունեցան նաև անդամակցելու IHC Armenia ֆեյսբուքյան փակ խմբին»,- նշել էր «IHC Armenia 2019» միջազգային կոնֆերանսի ղեկավար, հայազգի վիրաբույժ Թալար Թեջիրյանը։
«Նախ պետք է նշեմ, որ կոնֆերանսն իսկապես յուրահատուկ էր, որովհետև կազմակերպչական բարձր որակն ապահովված էր։ Ես կարևորում եմ նաև հայ վիրաբույժների մեծ հետաքրքրվածությունն ու քննարկումներին մասնակցության ակտիվությունը, որովհետև մասնագիտական աճի համար
նման կոնֆերանսները մեծ դեր ունեն»,- հավելել էր կոնֆերանսի բանախոս, ճողվածքաբան և ընդհանուր վիրաբույժ Շիրին Թոֆիգը:
Բանախոս, ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանն էլ կարևորել էր կոնֆերանսի անցկացումը հենց Հայաստանում՝ ընդգծելով, որ դա նպաստելու է հետագա միջազգային համագործակցությունների հնարավորությանն ու մասնագիտական լայն համայնքի շփմանը:
«IHC Armenia 2019»-ը համախմբեց ավելի քան 160 մասնակիցի 20 երկրից, ինչը փաստում է, որ յուրաքանչյուր վիրաբույժ հնարավորություն ունեցավ շփվելու ու որոշակի հարցեր քննարկելու իր ոլորտի մասնագետների հետ, ավելի խորությամբ տեղեկանալու վիրաբուժության արդի մոտեցումներին ու զարգացումներին, հետևելու նորարարություններին։ Բժշկության մեջ ամենօրյա տեղեկատվությունը շատ կարևոր է, քանզի փոփոխությունները բավական արագ են տեղի ունենում»,- հավելել էր Լևոն Գրիգորյանը։


Կոնֆերանսի ամբողջ կազմակերպչական աշխատանքներն իրականացվել էին «Հայկական տեղեկատվական կենտրոնի» կողմից:
«Մեր կազմակերպությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ, նախագծեր, տեղեկատվական արշավներ, և մեր առաջնահերթություններից է համարվում նաև բժշկական կազմակերպությունների հետ համագործակցությունը, քանզի ունենք արդեն տարիներ շարունակ մեզ հետ արդյունավետորեն աշխատող միջազգային կազմակերպություններ»,- նշել էր կենտրոնի տնօրեն Ստելլա Ակլյանը։
Նշենք նաև, որ նման կոնֆերանսներն ամենամյա են: Նախորդ տարիներին իրականացվել են Բրազիլիայում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում։ Հայաստանյան կոնֆերանսն առանձնացավ հային բնորոշ հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ ու ամենակարևորը՝ կազմակերպչական բարձր մակարդակով։

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: