17 / Մարտ / 2021 : 13-28

Հայ հիմնադիրներ ունեցող ընկերություններն ընդգրկվել են Forbes-ի նոր վարկանիշում

Հայ հիմնադիրներ ունեցող PicsArt, ServiceTitan եւ SoloLearn ընկերություններն ընդգրկվել են Forbes-ի նոր վարկանիշում, որտեղ ներկայացված են ամերիկյան այն ընկերությունները, որոնք համավարակի եւ առցանց աշխատանքի պայմաններում լավագույն պայմաններն են առաջարկում աշխատակիցներին:

«ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուները» կոչվող վարկանիշը կազմվել է Statista հետազոտական ընկերության հետ համատեղ:

Ներկայացված ընկերություններն ընտրվել են 2500 ընկերություններից, որոնք ունեն առնվազն 50 աշխատակից: Վարկանիշում PicsArt-ը 93-րդն է, ServiceTitan-ը` 116-րդը, իսկ SoloLearn-ը՝ 400-րդը: 

Նշենք, որ PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում 30 լեզվով՝ iOS, Android եւ Windows սարքերի համար:

Ինչ վերաբերվում է ServiceTitan-ին, ապա 2012թ. Արա Մահդեսյանի եւ Վահե Կուզոյանի կողմից հիմնադրված ստարտափը հարթակ է տրամադրում տնային ծառայություններ մատուցող բիզնեսներին, որպեսզի նրանք առանց ավելորդ ջանքերի կառավարեն եւ ավելի ռացիոնալ դարձնեն իրենց գործողությունները, բարելավեն հաճախորդների սպասարկումը եւ զարգացնեն բիզնեսը: Ընկերությունը գրասենյակներ ունի Գլենդելում եւ Երեւանում: 

2014թ. հիմնադրված SoloLearn-ի համանուն հավելվածն այսօր ունի 17 մլն օգտատեր, որոնց մեծ մասը ներկայացնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Արեւմտյան Եվրոպան եւ Ռուսաստանը: Հավելվածով կարելի է սովորել JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS եւ ծրագրավորման այլ լեզուներ:Վեբ տարբերակից բացի՝ SoloLearn-ը հասանելի է Google Play-ում եւ App Store-ում: Ընկերությունն ունի գրասենյակներ Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում:

Դիտվել է 3839անգամ
Վերջին լուրեր