Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մարտ / 2021 : 15-58

Էջմիածնում անծանոթ կանայք երեխաներին ստիպել են ինչ-որ կոնֆետներ ուտել

Մարտի 16-ին, ժամը 18։30-ի սահմաններում Էջմիածնի հայորդաց տնից վերադառնալիս, մոտավորապես Մայր Աթոռի տարածքում, 13-14 տարեկան աղջիկներին են մոտեցել 40-45 տարեկան երեք կին ու կոնֆետներ առաջարկել։ Երեխաները հրաժարվել են անծանոթ կանանց հյուրասիրությունից։ Տիկնայք սկսել են համառել և դեղահաբի տուփի նմանվող փաթեթից հանելով վարդագույն ու երկնագույն կոնֆետները, սկսել են պարտադրել, որ երեխաներն ուտեն։ Աղջիկներին այդ համառությունը տարօրինակ է թվացել։ Այս մասին գրում  է Hraparak.am-ը:

«Վատ հայերենով էին խոսում ու պարտադրում էին վերցնել դրանք։ Ասում էին՝ պետք է անպայման ուտեք, որ մեր զինվորները վերադառնան»,-ծնողներին պատմել է 13 տարեկան Մարիամը։ «Եթե չուտենք՝ չեն վերադառնա՞»,- հարցրել են երեխաները, կանայք ասել են՝ ոչ։

 

Երեխաներին կասկածելի է թվացել այս կանանց պահվածքը եւ նրանք կոնֆետները վերցրել ու մի քանի քայլ այն կողմ նետել են աղբարկղը։ «Հասկացանք, որ չի կարելի ուտել, բայց ստիպված վերցրեցինք, որ մեզնից պոկվեն»,-պատմում է Մարիամը։ Երեխաների ուշադրությունից չի վրիպել, թե ինչպես են անծանոթ կանայք սևեռուն հետեւում իրենց, եւ երբ կոնֆետները նետել են աղբարկղի մեջ՝ «Ինձ թված՝ մոտեցան, որ հանեն այնտեղից»,- ասում է աղջիկը։

Աղջնակները նկատել են նաև, որ անծանոթները կոնֆետի տուփերով այլ երեխաների էլ էին մոտենում։ Մարիամն ու իր ընկերուհիները փորձել են հետ պահել փոքրիկներին՝ ասելով՝ դրանք լավը չեն, մի կերեք, բայց չեն հասցրել։ «Կոնֆետը կերած երեխաներից մեկն ասաց, որ լավ համ չուներ»,-ասում է Մարիամը։

Այս միջադեպին ականատես մի անցորդ կին կոնֆետ հյուրասիրող կանանց հետ վեճի է բռնվել՝ պահանջելով իրենց կոնֆետներով հանդերձ հեռանալ քաղաքից։

Տեղի ունեցածի մասին Մարիամի ծնողները հայտնել են ԱԱԾ և Ոստիկանության Էջմիածնի ղեկավարությանը։ Նրանք պահանջում են, որ իրավապահները պարզեն՝ ովքեր են այդ կանայք եւ այդ ինչ կոնֆետներ են ստիպում, որ երեխաներն ուտեն։

Դիտվել է 60152անգամ
Վերջին լուրեր