Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար կստեղծվեն անկախ կյանքի կենտրոններ
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Նա ասաց, թե նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է արցախյան վերջին պատերազմի հետևանքով ու, առհասարակ, զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելու ու նրանց սոցիալական ներառումը ապահովելու անհրաժեշտությունից։
«Այս համատեքստում պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով», - նշեց նախարարը։
Իրականացվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առանձին միջոցառումներում կներգրավվեն նաև սփյուռքի կարողությունները՝ մասնագիտական ներուժը, ֆինանսական և նյութական աջակցությունը:
«Նախատեսվում Է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց», - ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ կենտրոնները կստեղծվեն վեց մարզում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պատերազմի հետևանքով վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր բոլոր զինվորներին ապահովելու են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով։