18 / Մարտ / 2021 : 12-17

Զովունիում 19 շենքից բաղկացած բնակելի թաղամաս կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 18-ի նիստում համաձայնություն տվեց, որ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով (կադաստրային արժեքով) օտարվի «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ին:

Տարածքային կռավարման եւ ենթակառուցվածքների նախարր Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ տարածքում կկառուցվի 18 բնակելի եւ մեկ հասարակական շենք, տարածքի մոտ 40 տոկոսը պետք է կազմեն կանաչապատ գոտիները: Թաղամասը պետք է շահագործման հանձնվի 5 տարվա ընթացքում:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում նախատեսվող ներդրումային ծրագրին հավանություն տալու դեպքում, պետք է իրականացվեն շուրջ 11.9 մլրդ դրամի ներդրումներ: Ներդրողը իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին:

Նշված տարածքում բնակելի թաղամասի կառուցման և ներդրումային ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հողամասն ուղղակի վաճառքի ձևով` կադաստրային արժեքով օտարել «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կմուտքագրվի ընդհանուրը  շուրջ 1.6-ից 2.7 միլիարդ դրամի հարկեր:                                                          

Էականորեն կավելանան համայնքի բյուջե վճարվող գույքային հարկերը

Կատարվելու են նաև համայնքում մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն ՀՀ դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, որի արդյունքը ներդրողը նվիրելու է Եղվարդ համայնքին:

Դիտվել է 15960անգամ
Վերջին լուրեր