20 / Ապրիլ / 2021 : 13-28

Թունավորումից մահացած տավուշցի երեխան այգուց հավաքած, տապակած կանաչի է կերել․ մանրամասներ

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա երեխան ու ընտանիքի մյուս անդամները հիվանդանոց տեղափոխվելուց առաջ այգուց հավաքած կանաչի են կերել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։
«Ըստ երեխայի ծնողների՝ իրենց այգուց քաղած կանաչի են տապակել, կերել, նախնական ախտորոշում է դրվել սննդային թունավորումը»,- ասաց նա։
Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ 12-ամյա աղջիկը մահացել է իրենց մոտ տեղափոխվելուց մոտ 1 ժամ անց։ Նա, բժշկի խոսքով, հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, գիտակցության կորստով։
Ընտանիքի մյուս անդամները տեղափոխվել են Երևան այն բանից հետո, երբ նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Ընտանիքի մյուս անչափահասը՝ 14-ամյա տղան, «Մուրացան» բժշկական կենտրոնում է, որտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ նրա վիճակը կայուն է, նախօրեի համեմատ ավելի լավ։
Ընտանիքի մայրն ու հայրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նրանց վիճակը բավարար է։
«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։
Դիտվել է 43646անգամ
Վերջին լուրեր