13 / Փետրվար / 2020 : 06-01

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ամփոփեց 2019 թվականը և ներկայացրեց 2020 թվականի ծրագրերը

 

«2019 թվականը նկարագրելու համար ներկայացնեմ 4 հանգամանք․ ծանրաբեռնված տարի էր, ոգևորության, դժվարությունների տարի է եղել, և ևս մեկ խնդիր՝ մարդկային ռեսուրսների, մարդկային ներուժի դեֆիցիտ է եղել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2019 թվականը, ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Ապա մարզպետը, ներկայացնելով կատարված և կատարվելիք աշխատանքները, նշեց, որ 2019 թվականը բավարար տարի է համարում։ «2018 թվականին Տավուշի տնտեսական ընդհանուր ծավալը, ֆինանսական ծավալը տարբեր ոլորտներում կազմել է 29․8 մլրդ դրամ։ 2019 թվականին ունեցել ենք 46․6 մլրդ դրամ ընդհանուր տնտեսական շրջանառություն»,- ներկայացրեց նա։ Մարզպետը տեղեկացրեց, որ տնտեսական ցուցանիշների առումով ունեցել են էական աճ արդյունաբերության և փոքր ու միջին ձեռներեցության ոլորտում, զբոսաշրջության ոլորտում և մյուս ոլորտներում ևս։ «2020 թվականին շարունակելու ենք արդյունաբերության ոլորտում մեր ակտիվ քաղաքականությունը։

Շարունակվել է նաև «Տավուշ» տեքստիլի ներդրումները՝ նոր արտադրամասի բացման ուղղությամբ, որն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կբացվի՝ կատարելով շուրջ 1 մլրդ դրամ ներդրումներ։ Արտադրամասը գտնվում է սահմանամերձ Պառավաքար գյուղում, և լրացուցիչ շուրջ 200 աշխատատեղ հնարավոր կլինի ներգրավել տեքստիլ արդյունաբերության մեջ։ Անցած տարի նաև Իջևանում բացվեց տեքստիլի արտադրություն, որտեղ կա 150 աշխատող։ Սկսվեցին տեքստիլ նոր ձեռնարկության ներդրման աշխատանքներ սահմանամերձ Ազատամուտ գյուղում։ Մեր նպատակն է 2020-ին ևս շարունակել տեքստիլի ուղղությամբ աշխատանքները, արդեն կան առնվազն 3 ներդրումային ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են»,- ներկայացրեց Հայկ Չոբանյանը։ Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Չոբանյանը նշեց, որ 2019 թվականին կարողացել են ապահովել 10 մլրդ-ից ավելի ներդրումներ, որը, մոտավորապես, 30 տոկոսով գերազանցել է իրենց կողմից պլանավորած ցուցանիշը։ «Ներդրվել է տոհմային անասնաբուծարան, որը Հայաստանում գտնվող առաջին խոշոր սև անգուս անասնաբուծարանն է»,- նկատեց նա։

Հայկ Չոբանյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականի իրենց հիմնական ուղղությունը շարունակելու է լինել այգեգործությունը, և այս պահին մեծ աշխատանք են կատարում ոռոգման ենթակառուցվածքների մեծացման ուղղությամբ։ Ինչպես նաև հաջորդ ուղղությունը, ըստ Չոբանյանի, որ մեծ զարգացման տեմպեր է ապահովել, ջերմոցային տնտեսություններն են։ Անդրադառնալով սահմանին հնչած կրակոցների վերաբերյալ հարցին՝ Հայկ Չոբանյանն ընդգծեց․ «Մենք անցած տարի զոհ և վիրավորներ ունեցանք զինվորականներից։

Տարվա վերջին դիպուկահարային ակտիվությունը մեծացել էր Տավուշում, բայց մենք բնակչության շրջանում, եթե չեմ սխալվում, չենք ունեցել զոհեր և վիրավորներ։ Կրակոցներն էապես նվազել են, որոշ գյուղերի դեպքերում ընդհանրապես բացառված են եղել, և 2019 թվականը միակ տարին է եղել, որ ամբողջ գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվել են անվտանգ, առանց կրակոցի»։ Ապա մարզպետը, պատասխանելով սպանդանոցների վերաբերյալ հարցին, նշեց, որ 30 տնտեսվարողների հետ բանակցում են, և կարծես թե, սպանդանոցների հիմնան մասով մինչև հունիսի 1-ը խնդիրներ չեն ունենա և համապատասխան քանակը կապահովվի։

«Նոյեմբերյանում արդեն իսկ կառուցված է սպանդանոց, Իջևանում կառուցվում է սպանդանոց, և մարզում կլինեն 12 նման կետեր, որպեսզի գյուղացիները խնդիրներ չունենան»,- եզրափակեց Հայկ Չոբանյանը։



Առավել մանրամասն՝ տեսանյութում 

Author's cover photo
Ամսաթիվ 13 / Փետրվար / 2020 : 06-01
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 6645անգամ
Վերջին լուրեր