Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2021 : 02-47
Հայուհիներին հարեմներից ազատագրած պահապան հրեշտակը. Կարեն Եփփե
ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ
«Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենը ձեռքներին՝ լուսանկարում հայուհիներ են. իսլամական գերությունից փրկված։ Հայուհիներ, որ բազում փորձությունների միջով անցնելով, ճակատագրի միեւնույն դառնությունը կրելով՝ դարձյալ միասին են, հայկական միջավայրում:
Կարեն Եփփե՝ հայ կանանց և որբերի հավաքագրման գործում մեծ դեր ունեցող դանիացի գեղեցկադեմ, ոսկեծամ «միսիոներուհին»։ Հայ հերոսամարտերի անմիջական վկա, զոհ դարձած միլիոնավոր հայերի նահատակությանն ականատես։
«Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսով նրան հաջողվել է հարեմներից ազատագրել մոտ 400 հայուհու՝ վճարելով նրանց փրկության գինը. փրկված հայուհիները ապաստանել են Սիրիայի մի շարք բնակավայրերում, գյուղերում։
Կարեն Յեփփեն՝ Դանիայում ծնված (1876թ.), կրթություն ստացած, համիդյան ջարդերի մասին տեղեկացել էր եվրոպական մամուլից, ապա դանիացի գիտնական, մարդասեր Օ. Մ. Բենեդիքսենի դասախոսությունից։ Վերջինս, այցելելով Ուրֆայի Գերմանական որբանոցը, համիդյան ջարդերից (1894-1896) փրկված հայ որբերին տեսնելով՝ գրել էր նրանց մասին։ Կարենը, գրքի տպավորությունից հուզված եւ ցնցված, հասկանալով, որ որբանոցը ուսուցչի կարիք ունի, առանց հապաղելու 1903-ին մեկնել է Ուրֆա՝ ընտանիքի կամքին հակառակ։
Մինչ այդ նա դարձել էր «Հայերի դանիացի բարեկամները» կազմակերպության անդամ եւ աշխատակցելու ցանկությամբ ներկայացել Յոհաննես Լեփսիուսին։
Կամավոր հեռանալով ծննդավայրից՝ նա փրկել է հայ կանանց եւ որբերին ֆիզիկական ու հոգևոր բնաջնջումից։
«Սովորելը չի բավեր, պետք է նաեւ աշխատել»,- մեկ տարի անց Կարենը այսպես է ասել իր սաներին՝ որբերին։ Այո, ընդամենը 1 տարվա ընթացքում նա Ուրֆայում սովորել է հայերեն, արաբերեն, քրդերեն, թուրքերեն։ Տիրապետելով լեզուներին, արդեն կարողացել է շփվել մանուկների հետ եւ ծավալել մանկավարժական գործունեություն։ Նրա ջանքերի շնորհիվ Ուրֆայում բացվել են մետաքսագործության, հելյունագործության, ասեղնագործության արհեստանոցներ՝ որբերին աշխատանքով ապահովելու նպատակով։
1915ին, Մեծ կոտորածի գիշերը, Կարեն Եփփեն Ուրֆայի իր տանն էր. տեղի շեյխերից մեկը փրկում է նրան։ Մտահոգ իր սաների ճակատագրով՝ «երեխաները կարող են գազանի երախին կուլ գնալ», նա փախնում է շեյխի տնից, հասնում հայերի քարավաններին եւ հնարավորինս փրկում շատ գերիների։ Որդեգրում է փրկված 2 երեխա՝ Միսակին և Լուսինեին, որոնք հետագայում ամուսնանում եւ ընտանիք են կազմիւմ՝ շարունակելով հայի գենը։
Կարենը, քրդերի ու արաբների շորեր փոխանցելով բռնագաղթվածներին, քարավաններով անցնող մարդկանց, նրանց ջուր բաժանելով՝ փրկում է մահվանից, ապա թաքցնում նրանց իր տան մառանում։
Դժոխային պատկերները աչքի առջեւ, տառապած եւ հյուծված՝ մինչև 1918 թվականը Կարենը հայերի կողքին է եղել, ապա ստիպված վերադարձել է Դանիա՝ բուժվելու. բժիշկներն ախտորոշել էին նյարդային հիվանդություն.
«Որքան լավ կլիներ չտեսնել մահվան այդ ճանապարհը, որ ձգվում էր Ուրֆայի պարիսպներից դեպի հեռու-հեռու՝ դեղին, արևից խանձված, անծայրածիր հարթավայրը: Այն լի էր ոչ թե թարմ կանաչ, ստվերաշատ ծառերով, այլ մարդկանց դիակներով՝ քայքայման տարբեր աստիճանում: Ոմանք ընկած էին հենց քաղաքի դարպասների մոտ: Հիվանդներին դուրս էին քշել իրենց մահճից՝ փայտերով ծեծելով, ովքեր կարողացել են մի քանի հարյուր քայլ ևս կատարել»,- գրել է Եփփեն:
Երեք տարի անց՝ 1921ին, նա արդեն ապաքինված վերադառնում է Հալեպ։ Կառուցում բուժարան, մանկապարտեզ, հագուստի գործարան, ապա հայուհիների ձեռագործ աշխատանքները Դանիա է ուղարկում եւ ստացված հասույթով բարելավում գաղթականների վիճակը։
Այդ ընթացքում Կարենին առաջարկել են Ազգերի Լիգայի հայ կանանց ու որբերի ազատագրության Կոմիտեի հանձնաժողովի անդամ դառնալ։
20-ից 30 000 բռնագաղթված հայ կանանց և երեխաներին փրկելու առաքելությամբ՝ Եփփեին հաջողվել է մահմեդական հարեմներից շուրջ 2000 հայուհի ու որբ երեխա ազատագրել.
«Այո, մի փոքրիկ լույս է սա, բայց գիշերն այնքա՛ն խավար է»,- ասել է նա Ազգերի Լիգայում հնչած իր ամենակարճ ելույթի ընթացքում։
Ստրկացված ու հարեմներում գտնվող հայազգի կանանց ու աղջիկներին փրկելու նպատակով, երբ Ազգերի Լիգան գումարներ հատկացնելու որոշում է կայացնում, Կարենը շտապ գործի անցնելով՝ ստեղծում է որոնման եւ առաջին օգնության կայաններ, որպես ապաստարան հայ կանանց։
Նրանք, որոնք արդեն հղի էին մնացել եւ երեխաներ ունեին, խնդրի առաջ հայտնվելով, ստիպված էին լինում մնալ իրենց առևանգածների մոտ։ Արդեն ցեղախմբի նշանով դաջված հայուհիները, ամաչելով՝ չեն ներկայանում արձանագրվելու ...
Առանձնահատուկ խնամք, սնունդ, հագուստ, ինչպես նաեւ անհրաժեշտ բժշկական օգնություն էին ստանում Իսլամական գերությունից ազատագրվածները, ստուգում էին նրանց ինքնությունը, ապա անվանացանկերը՝ կից լուսանկարներով, ուղարկում էին եկեղեցիներին, հայկական միություններին ու թերթերին՝ հարազատներին գտնելու հույսով։
Կարեն Եփփեն, տարիներով այլազգիների հետ ապրած հայերի մեջ անցյալի հիշատակն արթնացնելու, ինքնությանը վերադարձնելու գործում, ազատագրյալ երեխաների դաստիարակության մեջ կարևորել է Հայ եկեղեցու դերը իր ծեսերով, արարողություններով։
Ժամանակ առ ժամանակ մեկնելով Ժնեւ՝ նա դրամահավաք է կազմակերպում, ապա իր բարեկամ շեյխի կալվածքներից վարձակալում է տարածք եւ հիմնում հայկական գաղութ։ Տեղեկությունների համաձայն, Հալեպից դուրս եւս 6 փոքրիկ գյուղ է հիմնած եղել նա, վարժարան, արհեստագործական դպրոցներ, արհեստանոցներ, բնակելի տներ է կառուցել, խաղողի այգիներ տնկել՝ կյանքի վերադարձնելով մեծ աղետից փրկվածներին։
Հանդես է եկել դասախոսություններով՝ այցելելով Սիրիայի հայաշատ բնակավայրերը, հոդվածներ է տպագրել Եւրոպական մամուլում, հայերի կոտորածների մասին իր վկայություններով փորձել է աշխարհին տեղյակ պահել կատարվող ոճրի մասին։
Հայերի պահապան հրեշտակը...
1935 թվականի հուլիսի 7-ին Կարեն Եփփեն Հալեպում կնքել է իր մահկանացուն. վարակվել էր մալարիայով՝ անբուժելի մի հիվանդությամբ։ Նրան հուղարկավորել են Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով, Հալեպի Հայոց ազգային գերեզմանատանը՝ իր ցանկությամբ։
Դեռեւս 1927 թվականին Կարեն Յեփփեին պարգևատրել են ոսկե մեդալով՝ մարդկությանը մատուցած ծառայությունների համար, սակայն հրաժարվել է...
Եփփեն արժանացել է նաեւ Դանիայի «Պատվո լեգեոնի ասպետ» առաջին կարգի շքանշանի, պարգևատրվել է ֆրանսիական իշխանությունների կողմից՝ Սիրիայում ֆրանսիական մանդատի շրջանում իր կատարած ծառայությունների համար:
1947 թվականին Կարեն Եփփեի անվան ազգային ճեմարան է բացվել իր հիմնադրած որբանոցի տեղում. այն գործում է մինչ օրս:
«Հայերի պահապան հրեշտակը», այսպես է մակագրված հուշաքարի վրա, որ Հալեպում կառուցվել է ի հիշատակ Կարենի։
Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առիթով, 2015 թվականին Երեւանում բացվեց «Երախտիքի ծառուղի»՝ բաղկացած հայտնի անձանց 12 կիսանդրիներից, որոնց շարքում է նաեւ Կարեն Եփփեն. Երեւանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի մուտքի մոտ՝ Հայոց Ցեղասպանության տարիներին հայանպաստ գործունեություն ծավալած հայ դատի պաշտպաններին ի հիշատակ։
Իր կյանքն անձնուրաց կերպով նվիրաբերեց հայ ժողովրդի զավակներին՝ կիսելով նրանց վշտերն ու տառապանքները, միաժամանակ հիանալով նրանց անկոտրում կամքով, ոգու արիությամբ, լավատեսությամբ։
Հայերի մեծագույն բարեկամը… Կարեն Եփփե։
Դիտվել է 130042անգամ
Վերջին լուրեր