24 / Ապրիլ / 2021 : 11-46

Այդ ճանապարհին եմ առաջին անգամ զգացել հայի՝ պետություն չունենալու աստիճանն ու զգացողությունը, միամտությունը, խաղաղասիրության դառնությունը. Սիրանույշ Մելիքյան

Կյանքիս ամենածանր, ճնշող ու ցավոտ զգացողություններն ու ապրումները Հայոց ցեղասպանության թեմայով ունեցել եմ 2017թ. Իգդիրից Մուշ 10-ժամյա ճանապարհին:
Անբացատրելի մի բան էր...
Այդ ճանապարհին եմ զգացել ինչպես են մոր փորից հանել ու յաթաղանով մորթել հայ մանուկին,
Այդ ճանապարհին եմ եմ առաջին անգամ զգացել հայի՝ պետություն չունենալու աստիճանն ու զգացողությունը,
միամտությունը, խաղաղասիրության դառնությունը,
Այդ ճանապարհին սիրտս մղկտացել է, կատաղությունից ճակատս քրտնել...
Այդ ճանապարհին եմ զգացել, թե մենք դեռ ինչքան անելիք ունենք աշխարհի քաղաքական ու ֆիզիկաաշխարհագրական քարտեզի վրա։
ԳԻՏԵ՞Ք ՈՎ ԵՄ ԵՍ
Ես Ցեղասպանված Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Վարուժանի, Ռուբեն Սևակի, խելագարության հասած Կոմիտասի ժառանգն եմ.
Ես Հայոց ցեղասպանությունից հետո Սարդարապատ, Ղարաքիլիսա ու Բաշ-Ապարան հաղթած Մովսես Սիլիկյանի, Դանիել-Բեկ Փիրումյանի, Քրիստափոր Արարատյանի, Դրաստամատ Կանայանի, վանքը չլքած կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հետնորդն եմ:
Ես 90-ականներին Արցախն ազատագրած Մոնթեի, Պետոյի, Կարոտի, Բեկորի, Ազգալդյանի, Թաթուլի, Գեղազնիկի, Դուշմանի կյանքի գնով հայրենիքիս ազատությունը տեսած հայն եմ:
Ես Ազատ Ասոյանի, Արմեն Հովհաննիսյանի, Զորիկ Գևորգյանի, Արարատ Խանոյանի կիսատ գործի շարունակողն եմ:
Ես Ապրիլյան պատերազմին ամեն դիրքը սրտով, հոգով, երազանքով, կյանքով պաշտած Արմենակ Ուրֆանյանի, Կյաժի, Տիգրան Աբգարյանի, Ադամ Սահակյանի պահած հողի պատասխանատուն եմ:
Ես հուլիսյան օրերին 3-րդ բանակային կորպուսի վարած հաղթական մարտերի ականատեսն ու կրողն եմ, պատմողն ու փոխանցողն եմ մինչև ատամները զինված հրոսակներից ու արնախումներից ոչինչ չմնացած ու բարոյալքված թուրք տեսակի մասին:
Ես 44-օրյա պատերազմին հայրենազրկված, պատմական հայրենիք կորցրած, ընկերներ, եղբայրներ կորցրած, արնաքամ եղած, սեղմված, բնավեր, տնավեր հայրենիքի ականատես ու իրականության կրող հայն եմ:
Ու հիմա, երբ եկել հասել ենք 21֊րդ դարում կանգնել ազգային ինքնության պահպանման, պետականություն ունենալու սուրբ ու անառարկելի օրակարգի առաջ, պետք է հավատարիմ մնանք թե՛ մեր մորթված, թե՛ հաղթած, թե՛ տառապած, թե՛ նվաճած, թե՛ սրախողխող եղած տեսակին, սա ուրիշը չէ, սա մենք ենք, մեր ապրածն ու անցածն է, չենք կարող հետ չնայել, չենք կարող հաշվի չնստել:
Հայ երեխան պետք է մանկուց իմանա ով է թուրքը, ինչ ճանապարհ ունի մեր ազգն իր հետ անցած:
Հայ ժողովրդի համար, յուրաքանչյուր հայ զավակի համար շարունակական է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման դարավոր պայքարը համաշխարհային հանրության դատին ներկայացնելը, թե չէ միլիոն ու կես հայ մարդու հոգի չի խաղաղվելու՝ մինչև հատուցում չլինի:
Պետք է կարողանանք հասնենք նրան, որ ամոթով ու գլխիկոր Եռաբլուր չգնանք, որ չամաչենք մեր հազարավոր կիսատ թողած կյանքերի, դառնացած ընտանիքների, չհայրացած սերունդների, չմայրացած կանանց, որբացած ու այրիացած աղջիկների աչքերին նայելուց:
Միլիոնավոր հայերի կյանքի հայրենիքը, մեր Արցախը մեզ համար առնվազն աստվածացման է ենթակա։ Այս իրականությանը բախվողն իրավունք չունի սրտում վրեժ ու արյան կանչ չունենալ, ընկերնե՛ր:
Սեփական հայրենիքն սկուտեղի նման օտարին հանձնած հայը չի կարող մտածել, որ դա է ճիշտը, պետք է այդպես էլ լիներ, ընդհակառակը, քուն, դադար չպետք է ունենանք:
Ազգային պետություն ունենալու գաղափարով ու երազանքով միայն մենք կկարողանանք գոյատևել այս տարածաշրջանում, թերևս դա հիմա այլընտրանք չունի:
Շնորհակալ եմ մինչև վերջ կարդալու համար:
Լուսանկարում Հայկական Տավրոսն է։
Սիրանույշ Մելիքյան
Դիտվել է 42647անգամ
Վերջին լուրեր