29 / Ապրիլ / 2021 : 10-35

Արման Սարգսյան. Արդյունքի հասնելու գրավականը քրտնաջան աշխատանքն է

Անշուշտ, շատերն են հիշում, թե ինչպես ամիսներ առաջ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։ Մենամարտը տեղի էր ունեցել Լաս Վեգասում Premier Boxing Champions-ի շրջանակում։
Հարկ է նշել, որ Մատիասն իր նախորդ 15 մենամարտերում հաղթել էր նոկաուտով, և ոչ բոլորն էին համաձայնվում մենամարտել նրա հետ, իսկ Անանյանն այսօր Մոսկվայի ԲԿՄԱ-ի բռնցքամարտի դպրոցի սան է, Ռուսաստանի սպորտի վարպետ:
Յուրաքանչյուր մարզիկ կփաստի, որ տքնաջան աշխատանքից բացի՝ հաջողության հասնելու համար շատ կարևոր է գրագետ մարզիչ ունենալը: Պետրոս Անանյանի մարզիչը բռնցքամարտիկ Արման Սարգսյանն է:
Պետրոս Անանյանը նշում է, որ մեծապես հաջողված է համարում իր և Արման Սարգսյանի համագործակցությունը: Նրա խոսքով՝ իր ու մարզչի գաղափարները շատ հարցերում են համընկնում, ամենակարևորը՝ իրենք պարապում են հաղթանակի հասնելու համար:
Արման Սարգսյանն էլ ասում է, որ հավատում է իր սանի հաջողություններին՝ այդպիսով մեծացնելով նրա վստահությունը դեպի հաղթանակ:
Սարգսյանը 2013 թվականից իր գործունեությունը ծավալում է որպես մարզիչ, այսօր նա ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, որտեղ բազմաթիվ ծրագրեր ունի: «Ցանկանում եմ համախմբել տեղի հայերին և մեծ ակումբ ունենա՛լ»,-նշում է Արման Սարգսյանը:
Մարզչի ապագայի ծրագրերը կապված են բռնցքամարտում նորանոր հաջողություններ գրանցելու հետ: Այսօր Արման Սարգսյանն իր սաներին է հասցնում հաջողության, մինչդեռ ինքը ևս ունի բազմաթիվ հաջողություններ:
Այսպես՝ 1998-ին նա դարձել է ՀՀ փոխչեմպիոն, 2002-2003-ին, մասնակցելով միջազգային մրցույթների, դարձել է սպորտի վարպետ: Հենց 2003-ից էլ Արմանը զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով:
2006-2008-ին նա դարձել է ՌԴ և ԱՊՀ սլավոնական երկրների չեմպիոն, իսկ նույն 2008-ին բռնցքամարտի աշխարհի լիգա (WBL) վարկանիշով ներառվել է աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների ցանկում։
Սարգսյանն ունեցել է ընդհանուր 14 մենամարտ, բոլորը` հաղթանակով, ընդ որում՝ 8-ը նոկաուտով։
Լաս Վեգասում 2010-ին նա անցկացրել է իր վերջին մենամարտը՝ այդպիսով դադարեցնելով մարզիկի կարիերան և 2013-ից զբաղվելով բացառապես մարզչական գործունեությամբ:
Խոսելով իր սանի՝ Պետրոս Անանյանի հաղթանակին, մարզիչն ասում է, որ պատրաստվել են մեծ հավատով՝ առ հաղթանակ. ՛«Հպարտանում ենք, որ քրտնաջան աշխատանքից հետո զգալի արդյունք է լինում՛»:
Ի դեպ՝ Արման Սարգսյանը 2019-ին է Պետրոս Անանյանի հետ գործուղվել ԱՄՆ՝ որպես մարզիչ, իսկ մինչ այդ՝ դեռ 2017-ին, նա Ռուսաստանում հիմնել է բռնցքամարտի դպրոց՝ Արման Սարգսյանի անվան դպրոցը, որն այսօր էլ հաջողությամբ գործում է: Մարզչի խոսքով՝ այնտեղ սովորում է մոտ 120 երեխա, իսկ պարապում են Արմանի ընկերները, որոնց հետ նա հիմնել է դպրոցը:
Մարզիչը սկսնակ բռնցքամարտիկներին խորհուրդ է տալիս երբեք հույսը չկորցնել և միշտ առաջ նայել՝ նշելով, որ արդյունքի հասնելու գրավականը քրտնաջան աշխատանքն է:
Ամալյա Հովհաննիսյան
Դիտվել է 13728անգամ
Վերջին լուրեր