07 / Հունիս / 2021 : 15-44

Համաերիտասարդական մշակութային միջոցառումը համախմբել էր Տավուշի սահմանամերձ գյուղերի շրջանավարտներին ու երիտասարդներին

2020 թվականին պատուհասած 44-օրյա պատերազմն ու աշխարհով մեկ տարածված համավարակը ցույց տվեցին, թե որքան կարևոր են մարդկային արժեքավոր շփումներն ու հարաբերությունները մեր կյանքում, որքան կարևոր է կյանքի ամեն օրը մարդկանցով, մարդկային ջերմությամբ լցնելը։ Եվ որպես այդ բացերը լրացնող հոգևոր ներդրում՝ հունիսի 5-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ հասարակական-մշակութային միջոցառում, որը երիտասարդներին հնարավորություն տվեց վայելել բարձրակարգ երաժշտություն, շփվել, ճանաչել իրար ու կիսվել միմյանց հետ գաղափարներով ու կարծիքներով:
Միջոցառման գաղափարն ու համատեղ մշակութային օր անցկացնելու ցանկությունը ծագել էր երիտասարդների մտքում իրականություն դարձավ ծնունդով տավուշեցի, «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի հիմնադիրներից Հայկ Շահնազարյանի հովանավորմամբ ու ջանքերով:
Հաշվի առնելով այն հանգամանքը՝ որ պատերազմից հետո շատ դպրոցներում վերջին զանգի արարողություն որպես այդպիսին տեղի չէր ունեցել, միջոցառմանը մասնավորապես հրավիրվել էին խոշորացված Բերդ համայնքի 2020-2021թթ. շրջանավարտները:
Անձրևի պատճառով միջոցառման ընթացքը շարունակվեց փակ տարածքում: 150-200 երիտասարդ մեկ հարկի տակ համախմբված վայելեցին իրենց մշակութային երեկոն, հնարավորություն ունեցան լսելու ավագ սերնդի ներկայացուցիչների արժեքավոր խորհուրդները, կիսվել արժեքներով, մոտեցումներով ու գաղափարներով։
Հասարակական-մշակութային երեկոյին իր օրհնությունը բերեց նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Օրհնելով երիտասարդների մուտքը կյանքի նոր փուլ, Բագրատ Սրբազանը հորդորեց նրանց իրենց ընտրած ոլորտում լինել լավագույնը և երբևէ չերկնչել մարտահրավերից ու չխուսափել դրանց առերեսվել։
Երեկոյի ընթացքում երիտասարդները որպես նվեր ստացան գրքեր։
Դիտվել է 11652անգամ
Վերջին լուրեր