17 / Հունիս / 2021 : 15-33

«Պարտվել՝ չի նշանակում ինքնորոշման իրավունքից հրաժարվել». Արցախի` «Հայրենիքի ձայն» շարժման նամակը` ԱՀ ԱԺ նախագահին

Բաց նամակ՝ ԱՀ ԱԺ նախագահ պրն. Ա. Թովմասյանին և ԱԺ բոլոր խմբակցություններինԴիմում ենք Ձեզ, ով արցախահայոց գաղափարական բանակի մատյան գունդ:
Դուք է, որ ստանալով ժողովրդի վստահության քվեն, փաստացի ստանձնել եք երկրի ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Ձեզ է տրված արցախահայության ազգային պայքարն առաջնորդելու պատմական առաքելությունը, Ձեր ուսերին է սերունդների պահանջատիրական ձգտումներն արդարացնելու պատասխանատվությունը, Ձեր խղճին է ընկածների միակ մխիթարանքը:

Երկիրը հոգևարքի մեջ է, փլուզված է հային հայ պահող արժեհամակարգը, վտանգված է Արցախում ապրելու ապագան, հանրությունը անորոշության մեջ է:

Այս օրհասական պահին, Դուք է, որ պետք է կանգնած լինեք ժողովրդի կողքին, Դուք է, որ, անգամ ինքնահրկիզվելով, պետք է լուսավորեք երկրի ապագան:

Ձեր անհասկանալի լռության ֆոնին, օտարներն են որոշում մեր ապրելու կամ չապրելու նպատակահարմարությունը:
Հանդիսանալով ազգային-քաղաքական մտքի դարբնոց, այդտեղ է, որ պիտի ձուլվի ամրակուռ հավատք, պայքարելու կամք ու հաղթելու հույս:

Մենք ոչխարի հոտ չենք, որ քշեն ում գոմը որ կամենան: Այս երկրի բնիկ տերը մենք ենք, և մենք պիտի որոշենք՝ ում հետ և ինչպես ենք կամենում ապրել:

Արցախահայությունն է պայքարի որոշում կայացրել, արցախահայությունն էլ պետք է որոշի պայքարի ելքը:
Պարտվել՝ չի նշանակում ինքնորոշման իրավունքից հրաժարվել:

Վեր կանգնեք փափկամեջք աթոռների գայթակղությունից ու դուրս եկեք ասպարեզ, հրաժարվեք կուսակցական պատկանելիությունից և որդեգրվեք հայրենիքին:

Դարձեք ժողովրդի գաղափարական կոշիկը ու ժողովուրդը ոտքի կկանգնի: Ոտքի կկանգնի ու տեր կկանգնի սեփական ճակատագրին:

Անհրաժեշտ է համատեղել ուժերը, ձևավորել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հավաքական դիրքորոշում:

Փրկությունը համաժողովրդական համախմբումն է՝ գաղափարի ու նպատակի շուրջ:
«Հայրենիքի ձայնը» հանրային շարժման նախաձեռնող խումբ
Դիտվել է 4898անգամ
Վերջին լուրեր