Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 69 հազար հայրենակից. ԱԳ նախարար

Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 69 հազար, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 22 հազար հայրենակից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն ինստագրամում առցանց հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ աշխարհագրությունը շատ լայն է, իսկ հայրենիք վերադառնալու գործընթացը շարունակվում է: Նախարարը հատուկ շեշտադրում է արել, որ քաղաքացիների վերադարձը հաջողվում է կազմակերպել՝ համագործակցելով արտերկրյա գործընկերների, հարեւանների հետ, Սփյուռքի հայկական կառույցների եւ անհատ քաղաքացիների ակտիվ աջակցությամբ եւ օգնությամբ:
Խոսելով ինքնամեկուսացման պայմաններում իր աշխատանքի մասին՝ նախարարը նշել է, որ կառավարության եւ խորհրդարանի համար աշխատանքը շարունակվում է: «Պահպանելով բոլոր պահանջները՝ սոցիալական հեռավորությունն ու մշտական ախտահանումը: Սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ սպառնալիքն ազդի մեր աշխատանքի վրա»,-ընդգծել է ԱԳ նախարարը: Պատասխանելով հարցին՝ ինչպես կփոխվի աշխարհը պանդեմիայից հետո՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ պանդեմիան ցուցադրել է երկրների խոցելիությունը եւ միաժամանակ փոխադարձ կապը:Եւ չնայած կորոնավիրուսի պանդեմիան բարդ է՝ անհրաժեշտ է կենտրոնանալ եւ փնտրել աշխատելու, ստեղծելու, պետություն կառուցելու ուղիներ: ԱԳ նախարարը հիշեցրել է, որ արդեն ձեռրարկվել են որոշակի միջոցառումներ՝ 14 քայլ պանդեմիայի անմիջական հետեւանքները կրճատելու համար: Անհրաժեշտ են նաեւ հետագա գործողություններ հետեւանքները նվազագույնի հասցնելու համար, հավելել է նախարարը:
Խոսելով իր աշխատանքում ընդհանուր առմամբ ամենամեծ դժվարության մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ամենալուրջ մարտահրավերն իր համար պատասխանելն է սեփական հարցին՝ արդյո՞ք արել է առավելագույնն իր հնարավորությունների սահմաններում: