22 / Հուլիս / 2021 : 14-40

Այս տարի միջին աշխատավարձը 216 հազար դրամ է. նախորդ տարի եղել է 198 հազար դրամ. ՊԵԿ նախագահ

Մենք արդեն մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է. Հունիսին նույնպես ունենք վճարվող, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց այդ տվյալները՝ նշելով. «Վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճի վարքագիծը շարունակվել է նաեւ հունիսին: Գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը նախադեպը չի ունեցել: Համեմատության համար նշեմ, որ այն 34 հազարով ավել է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավել է 2019 թվականից եւ 80 հազարով ավել է 2018 թվականից:


Հատկանշական է նաեւ, որ հունիս ամսին նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ: Այս ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 19 մլրդ դրամով, 2019-ի նկատմամբ՝ 26 մլրդ դրամով, եւ 2018-ի նկատմամբ՝ 40 մլրդ դրամով:

Բարձր է նաեւ միջին աշխատավարձը՝ ամսական կտրվածքով 216 հազար դրամ: 2020-ին այն եղել է 198 հազար դրամ, 2019-ին՝ 187 հազար դրամ եւ 2018-ին՝ 177 հազար դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս տարվա առաջին 6 ամսում եկամտային հարկի ցուցանիշին՝ նշելով. «Մենք այս տարվա 6 ամսիներին 28 մլրդ 500 մլն դրամով ավելի շատ եկամտային հարկ ենք հավաքագրել, քան 2018-ին: Սա այն պարագայում, երբ մենք եկամտային հարկի դրույքաչափը էականորեն նվազեցրել ենք»:
Դիտվել է 1815անգամ
Վերջին լուրեր