23 / Հուլիս / 2021 : 13-02

Որդու զոհվելուց ամիսներ անց հուղարկավորեցին նաև հորը՝ Ջրականում հերոսացած Ապարանցի Ռեմբոյին

Արագածոտնի Վարդենիս գյուղն այս օրերին վերջին հրաժեշտն է տալիս անմահ հերոս Ներսես Աղաբաբյանին` Ապարանցի Ռեմբոյին: Դեռ ամիսներ առաջ պատերազմում զոհված որդու` Վահեի հուղարկավորության օրերին հարազատները անորոշության մեջ էին. կամավոր ռազմաճակատ մեկնած Ռեմբոյից օրեր շարունակ լուր չկար:

Կասկածները, թե Ռեմբոն կարող է գերեվարված լինել, փարատվում էին նրա այն տեսակով, որ Ռեմբոն վերջին նռնակով կպայթեցներ իրեն, բայց գերի չէր ընկնի:

Այո՛, Ռեմբոն մարտնչել էր մինչև վերջ, արկերի տարափի տակ չէր նահանջել` անմահանալով Ջրականի համար մղվող մարտերում:

Այդպիսին էր Ռեմբոն և մինչև կյանքի վերջին շունչը այդպիսին մնաց: Մասնակցել էր նաև Արցախյան առաջին պատերազմին և, ինչպես բնորոշ էր խոնարհ հայ ազատամարտիկին, երբեք չէր խոսում պատերազմից, առավել ևս՝ իր կատարած սխրագործություններից:

Մարտական ընկերները հետագայում պատմում էին, թե ինչպես է Ռեմբոն ժամեր շարունակ երկու գնդացրով միայնակ պահել մարտական դիրքը՝ մինչև օգնություն էր տեղ հասել:

Տարիներ առաջ`Մայիսի 28-ին, Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառման ժամանակ սպարապետ Վազգեն Սարգսյանի «Ոնց ես, Ռեմբո՛» հայտնի ողջույնը տպավորել էր բոլորին:

Այսքանով հանդերձ, Ռեմբոն մնաց իսկապես խոնարհ հերոս, առավել ևս՝ չուներ կոչումներ ու դափնիներ, ազատ Արցախը նրա համար գլխավոր դափնին էր: Նրա հոգում հայրենիքն իսկապես սրբազնացած էր, և հենց սրբազան հայրենիքի փոքրիկ բեկորի ազատության համար էլ անմահացավ Ռեմբոն` կորստի ցավի հետ մեզ թողնելով հպարտության բարձր զգացում:

Փառք քեզ, հերո՛ս:


Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ


Աղբյուրը՝ Yerkir.am
Դիտվել է 21642անգամ
Վերջին լուրեր