31 / Հուլիս / 2021 : 10-12

Առաջին ռաունդից հետո, մրցավարները նախապատվությունը տվեցին ադրբեջանցուն, Հովհաննեսը դրանից զայրացավ ու ռինգում, երկրորդ ռաունդից սկսեց անել աներևակայելին․ ՀԱՕԿ-ից ներկայացրել են մենամարտի մանրամասները



Ծանր, անքուն գիշեր անցկացրինք: Պատճառը առավոտ կանուխ Տոկիոյում կայանալիք Բաչկով- Չալաբիև մենամարտն էր:





Ընդհանրապես ճիշտ չէ, երբ մրցումներում հայ –ազերական դիմակայություններն են ընդգծում լրատվամիջոցները: Կարևորը մեդալակիր դառնալն է: Եվ նման հույս մեզ ներշնչեց Հովհաննես Բաչկովը:


Գյումրեցին կաշվե ձեռնոցի բարձրակարգ վարպետ է, բազում հաղթանակներ է տարել միջազգային պաշտոնական մրցումներում, ունի հարուստ մրցափորձ: Այս անգամ նա գերազանցեց ինքն իրեն: Հակիրճ լինելու համար ասենք, որ առաջին ռաունդից հետո, երբ կողային մրցավարները նախապատվությունը տվեցին ադրբեջանցուն, Հովհաննեսը դրանից զայրացավ ու ռինգում, երկրորդ ռաունդից սկսեց անել աներևակայելին:



Իր ցնցող հարվածներին առավել ուժգնություն հաղորդելու նպատակով ազերի մրցակցին ասես հարվածում էր աջ և ձախ ուսագոտիներով, ասել է թե՝ միայն չէր հարվածում ոտքերով: Այդքանով հանդերձ մեր վարպետը մրցակցին գերազանցեց կարգապահությամբ, ազնիվ պայքարում հաղթեց ու մտավ քառորդ եզրափակիչ փուլ:

Լավ է, որ պատվասեր գյումրեցին հաղթեց և ապացուցեց իր բարձր կարգը: Այս պարագայում գլխավորն այն է, որ նա դրսևորեց հիրավի անկոտրում կամք, ու նաև այն , որ ինքը իսկական արժանապատիվ հայ տղամարդ է:




Հետաքրքիր մի դիտարկում: Երբ մրցակիցներն արդեն ռինգում էին ու դեռևս մարտավկաների մոտ էին , գյումրեցու անձնական մարզիչ Կարեն Ղազարյանը մի տեսակ շլացնող, ապշեցնող հայացք էր սևեռել ազերական եռյակի վրա: Կարծում ենք մեր մասնագետի մարտական ու հաղթական հայացքից սանը քաջալերվեց , իսկ մրցակիցը . . .

Շնորհակալություն քե’զ, Հովհաննես: Քո այսօրվա հաղթանակով վարձահատույց եղար մեր անքնության համար, բարությամբ ու բարձր տրամադրությամբ սկսվեց մեր օրը:

Շարունակի’ր այդպես, սպասում ենք օլիմպիական հաղթանակներիդ:
Դիտվել է 47463անգամ
Վերջին լուրեր