«Medifield» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագրի շնորհանդեսը
«MediField» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագիրն արդեն իրականություն է: Բոլորովին վերջերս, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի «Abril Books» գրատանը տեղի ունեցավ ամսագրի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին բժիշկներ, ոլորտի ականավոր մասնագետներ, այդ թվում նաև` տեղի հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:
Համահայկական այս նշանակալից նախաձեռնության մտահղացման հեղինակն ու ամսագրի հիմնադիրն ամերիկաբնակ, մի շարք հաջողված նախաձեռնությունների հեղինակ, Հայկական տեղեկատվական կենտրոնի /«AIC»/ հիմնադիր՝ մեր հայրենակից Հայկ Մարկոսյանն է:
Ամսագրի հիմնադրի հավաստմամբ՝ այսօր ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում հայ բժիշկներին ու բժշկական ոլորտի մասնագետներին, առաջատար բուժհաստատությունների աշատանքները համակարգող անձանց կատարած գործունեությունը հավուր պատշաճի գնահատելու և ներկայացնելու անհրաժեշտություն կա:
«Տարիներ շարունակ իմ, և իմ ղեկավարած ընկերությունների գործունեության առանցքային մասը կազմել են համահայկական այն խոշոր ծրագրերը, որոնք հասարակական լայն հնչեղություն են ստացել թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս»,- նշել է Հայկ Մարկոսյանը՝ հավելելով, որ ինքն ու իր թիմը եռանդագին լծված են իրենց առաքելությունը կատարելու գործում:
«MediField» հայ-ամերիկյան առաջին բժշկական ամսագիրը հնարավոր է ձեռք բերել ինչպես Գլենդելի «Abril Books» գրախանութից, որտեղ ներկայացված է հայ հեղինակների հայերեն և անգլերեն գրքերը, այնպես էլ մի շարք հայկական խանութներից ու բուժհաստատություններից: Ամսագիրը ներկայացված է նաև Հայաստանում՝ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում և մի շարք այլ հանրային վայրերում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ: