Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Օգոստոս / 2021 : 15-34

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել է Գեղամ Նազարյանի աչքը. նա տեղափոխվել է հիվանդանոց

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը հիվանդանոցում է, որտեղ աչքի ստուգում է անցնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ Նազարյանի աչքը վնասվել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետևանքով:

«Տեսնենք ինչ կլինի, բժիշկների եզրակացությունը դեռ չկա»,- ասաց Մանուկյանը:

Հարցին, թե հնարավոր է աչքը վիրահատեն, Մանուկյանը դժվարացավ պատասխանել, նշելով, որ պետք է սպասել եզրակացությանը:

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը:


Օգոստոսի 25-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին,երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էր նետել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Այնուհետև դրան հաջորդեց ևս մեկ միջադեպ, որը վերածվեց պատգամավորների միջև ծեծկռտուքի:Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգամավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»: Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակը թեժացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, որին էլ հաջորդել է պատգամավորների միջև ծեծկռտուքը:
Դիտվել է 8897անգամ
Վերջին լուրեր