27 / Ապրիլ / 2020 : 15-17

12-րդ դասարանցիները ավարտական քննություններ չեն հանձնի, ատեստատները կտրամադրվեն մինչև մայիսի 25-ը. նախարարը մանրամասներ է ներկայացնում

12-րդ դասարանցիները ավարտական քննություններ չեն հանձնի, ատեստատները կտրամադրվեն մինչև մայիսի 25-ը. նախարար

Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը: 

«Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել՝ կամ պահպանել քննության արդյունքը կամ պահպանել տարեկան գնահատականը, որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը: Ամփոփումը տեղի է ունենալու մինչև մարտի 13-ը մատյաններում անցկացված գնահատականներով:

Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմայինների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվում, ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում: եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակի ընթացքում, ապա տարեկանը նշանակվում է ավարտական տարվա առաջին կիսամյակի ամփոփման արդյունքում: Ամփոփումը կատարվում և դիպլոմներ տրամադրվում են մինչև հունիսի 5-ը»,- ասաց Հարությանյանը: 

Հարությունյանը նշեց, որ ավարտականների դեպքում ունենք շատ կարևոր խնդիր՝ զորակոչի խնդիրը. «Ըստ էության մեր գործողություններում նաև մենք ելնում ենք նրանից, որ որևէ կերպ զորակոչին չխոչընդոտենք և խնդիրներ չստեղծենք և մի շարք որոշումներ կայացվել են այդ տրամաբանության մեջ: Մենք որևէ պարագայում չենք կարող որևէ խնդիր ստեղծել զորակոչի համար, դրա համար ժամկետներն էլ սուղ են և մենք նաև այդ տրամաբանությունից ենք ելնում»: 

Հարությունյանը նաև նշեց, որ բուհերում ավարտականների ձևերը ընտրում է յուրաքանչյուր բուհ առանձին՝ իրենց ինքնավարության սահմաններում, պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված ընդհանուր կանոնները և մինչև հուլիսի մեկը գործընթացն ամփոփելու պահանջը:

Նախարարը նշեց նաեւ, որ մեդալի քննությունները ևս չեն իրականացվելու, հավակնորդներին կարող է հնարավորություն տրվել մասնակցել հաջորդ ուսումնական տարվա քննություններին: Նրա խոսքով՝ Վերջին զանգի միջոցառումներ ևս չեն իրականացվելու:«Հենց առողջապահությունից ասեն, որ այլևս վտանգ չկա, մենք միասին վերջին զանգի օր ենք որոշում և իրականացնում ենք»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

 

 

Դիտվել է 47890անգամ
Վերջին լուրեր