ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գավառի հիվանդանոցում եղել են փոխմարզպետն ու ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ. մարզպետ

Ես և ՀՀ ոստիկանապետը եղել ենք դեպքի վայրում, որտեղ եղել են կրակոցները, այսինքն ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով նախօրեին Գավառում տեղի ունեցած միջադեպերին:
«Հիվանդանոցում եղել են փոխմարզպետը, ոստիկանության բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ, այսինքն և՛ հիվանդանոցում են պաշտոնյաներ եղել, և՛ դեպքի վայրում:
Ականատեսների վկայությամբ 500-ից ավելի մարդիկ են եղել, նաև տեսաձայնագրություններն են որոշակի նման պատկեր տալիս: Իրավիճակը կառավարումից դուրս է եկել՝ հաշվի առնելով, որ միաժամանակ տարբեր մուտքերից քաղաքացիներն ապակիները կոտրելով ներս են մտել: Հիմնականում Գավառի և Նորատուսի բնակիչներ են եղել»,-ասաց մարզպետը:
Նա հավելեց, որ հիվանդանոցի միջադեպից 1-1,5 ժամ առաջ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով դեպքի վայրում ունեցել ենք արդեն երկու զոհ, մնացածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել մյուս միջադեպը: