Հովհաննես Համբարձումյանը՝ Հայաստանի հավաքականի, Խոակին Կապարոսի, կարանտինի և ակումբային կարիերայի մասին

Կիպրոսի «Էնոսիսի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը պատմել է՝ ինչով է զբաղվում կարանտինի ընթացքում և նշել՝ երբ է իր թիմը պատրաստվում վերսկսել մարզումները:
29-ամյա ֆուտբոլիստը կիսվել է նաև ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքներով, նաև կարծիք հայտնել իր ակումբային կարիերայի մասին:
ԽՈՀԱՐԱՐՈւԹՅՈՒՆ ԵՎ ՅՈԳԱ
«Կարանտինի ընթացքում հիմնականում մնում եմ տանը, ինչպես բոլորը: Մարզվում եմ ակումբի կողմից տրամադրված անհատական ծրագրով:
Փորձում եմ այս ժամանակահատվածն օգտագործել իմ օգտին, զբաղվում եմ յոգայով, որպեսզի մկաններն ավելի էլաստիկ դառնան: Ազատ ժամանակ զբաղվում եմ խոհարարությամբ, սիրում եմ համեղ ուտեստներ պատրաստել (ժպտում է):
Կարանտինի առաջին 3 շաբաթներն օգտագործեցի վնասվածքից ապաքինվելու համար, որը ստացել էի մինչև կարանտինը: Փորձել եմ հնարավորինս պահպանել մարզավիճակս: Որքանով է դա ստացվել, ցույց կտան գնդակով մարզումները (ծիծաղում է)»:
ՄԱՐԶՈւՄՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈւՄԸ ՍԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈւՄ ՉԷ
«Սա դեռ պաշտոնական չէ, սակայն տեղեկություն կա, որ մայիսի 4-ից մենք վերսկսելու ենք մարզումները «Էնոսիսում», հնարավոր է խմբերով: Ապրիլի 30-ին այս հարցում հստակություն կլինի»:

ԿԱՊԱՐՈՍ ԵՎ «ԹԱՐՄ ԱՐՅՈւՆ»
«Ես դեռ անձամբ ծանոթ չեմ Խոակին Կապարոսի հետ, սակայն գիտեմ, որ նա շատ բարձր մակարդակի մասնագետ է, որը կարող է օգնել մեզ հաջողության հասնել:
Ցանկացած թիմի և հավաքականի պարբերաբար անհրաժեշտ է «թարմ արյուն»: Հուսով եմ, որ այն ֆուտբոլիստները, որոնք կհրավիրվեն Հայաստանի հավաքական, կնպաստեն մեր հաղթանակներին, և մենք միասին կկարողանանք ուրախացնել մեր ազգին»:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԱԿՈւՄԲԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻՆ
«Մակեդոնական «Վարդարում» անցկացրած տարիներն անմոռանալի են ինձ համար, դա անգնահատելի փորձ էր: Մի շարք տպավորիչ հաղթանակներ ենք տարել, այդ թվում թուրքական «Ֆեներբահչեի» նկատմամբ, դուրս ենք եկել Եվրոպայի լիգայի խմբային փուլ:
Կիպրոսի առաջնությունում թիմերը տակտիկապես ավելի որակյալ ու գրագետ են: Այստեղ հաճելի է հանդես գալը, քանի որ բոլոր թիմերը փորձում են ֆուտբոլ խաղալ: Ուրախ եմ, որ պաշտպանում եմ «Էնոսիսի» գույները: Արդյո՞ք կմնամ այստեղ հաջորդ մրցաշրջանում, ցույց կտա ժամանակը»:
Սամվել Սուքիասյան
