Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Նոյեմբեր / 2021 : 17-13

«Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ-ի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ,


Վերջին օրերին տեղի ունեցած պատերազմական գործողությունները հաստատում են այն պնդումը, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ Հայաստանի կողքին խաղաղ պայմաններում ապրել, այլև բոլոր հնարավոր և անհնար միջոցներով ձգտում է Հայաստանի տարածաշրջանից դուրս մղմանը՝ որպես պետական միավոր։ Այս ամենին նպաստում է նաև ՀՀ իշխանությունների կեղծ խաղաղասիրական և զիջողական դիրքորոշումները։


Այդ իսկ պատճառով ՀՀ իշխանություններից պահանջում ենք՝
1․ Դադարեցնել զիջողական և կեղծ խաղաղասիրական քաղաքականությունը և հռետորաբանությունը, քանի դեռ թշնամական կողմը չի սկսել դրսևորել բարի դրացիական վարքագիծ։ Առնվազն մինչև այն պահը, երբ Ադրբեջանը դուրս կբերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և կվերադարձնի բոլոր գերիներին։ Վաղուց պետք է հասկանալի լիներ, որ Ադրբեջանի համար խաղաղասիրական մոտեցումները ընկալվում են որպես թուլություն և նրա մոտ գեներացնում են անհարկի ագրեսիա։


2․ Դադարել սահմանազատման և սահմանագծման մասին պատրաստակամություն հայտնել, քանի դեռ չեն կատարվել առաջին կետում նշված պայմանները։ Ինչպես նաև՝ այս հարցը տեղափոխել մեկ այլ միջազգային ձևաչափ և հրաժարվել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափից։ Արդեն մեկ տարի է ինչ փաստվում է այս ձևաչափի անարդյոնավետությունը։ Եվ ակընհայտ է, որ այս ձևաչափով հայկական շահի ոտնահարման հավանականությունը շատ ավելի մեծ է։


3․ Բոլոր հնարավոր և անհնար միջոցներով հրաժարվել այսպես կոչված միջանցքի տրամադրումից՝ գերակա արժեք հայտարարելով ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։


4․ Հրահանգել առաջնագծում գտնվող բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի ցանկացած ոտնձգության կոշտ և արժանի հակահարված հասցնեն։ Իրականացնել ողջ զինվորական անձնակազմի բարոյահոգեբանական ոգու բարձրացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ։ Հայկական բանակը պիտի ցույց տա, որ ունակ է սեփական ներուժով ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։


5․ Ապահովել առաջնագծի ամրաշինական աշխատանքների և նյութատեխնիկական միջոցների արագ հատկացումները և նախապատրաստվել ձմեռային դիմակայությանը։ Անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքերում ներգրավել տեղաբնակ և ոչ տեղաբնակ կամավորների։


6․ Անցկացնել ծառայողական քննություններ՝ առանց դիմադրության դիրքերի կորուստների վերաբերյալ, և բացահայտել պատասխանատուներին։


7․ Իրականացնել կիբեռանվտանգության և մեդիագրագիտության լայնածավալ քարոզչություն։ Ստեղծել կիբեռանվտանգության զորքեր։


8․ Իրականացնել բանակի կոնցեպտուալ արդիականացում՝ որպես օրինակ ընդունելով Շվեյցարիայի, Իսրաելի կամ Ֆինլանդիայի բանակային մոդելները։ Բնականաբար՝ տեղայնացնելով և ադապտացնելով դրանք մեր տարածաշրջանի, մեր առանձնահատկությունների և առկա ու կանխատեսվող մարտահրավերների տեսանկյունից։ Արդիականացնել զորակոչային և հատկապես զորահավաքային համակարգերը։ Պատերազմը ի ցույց դրեց դրանց, մեղմ ասած, անարդյունավետ լինելը։


9․ Որպես օրակարգային բարձր կարևորության հարց՝ մշտապես և բոլոր միջազգային հարթություններում ակտիվ պահել Արցախի կարգավիճակի խնդիրը՝ շեշտը դնելով այն բանի վրա, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այն լինելու է հայկական և հեռանկարում պիտի ճանաչվի որպես ՀՀ ինքնիշխան տարածք։


10․ Արցախի օրինակով՝ ՀՀ Զենքի մասին օրենքում իրականացնել համապատասխան փոփոխություններ, որը կտարածվի առնվազն Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վրա ամբողջությամբ, և Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի Ադրբեջանի սահմանից մինչև 10-15կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրեի վրա։ Այդ տարածաշրջաններում ապրող բնակչությունը պիտի ունենա զենքով ինքնապաշտպանվելու հնարավորույթուն։


Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում այս պահանջների իրականացման գործում սատար կանգնել պետական կառույցներին։ Հակառակ դեպքում, այսինքն իշխանությունների կողմից այս ամենը իրականացնելու անկարողություն դրսևորելու դեպքում, պահանջելու ենք իշխանությունների հրաժարականը և ավելի ունակ կառավարության ձևավորմանը։


Հայությունը՝ որպես ժողովուրդ, և Հայաստանը՝ որպես պետական միավոր եղել է, կա, և լինելու է մարդկության կողմից ստեղծված պետությունների ընտանիքում որպես իր ուրույն տեղը զբաղեցնող երկիր և իր ծանրակշիռ ներդրումն է ունենալու մարդկության զարգացման գործում, ինչպես ունեցել է այդ ներդրումը հազարամյակներ շարունակ։





«Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ
Դիտվել է 17884անգամ
Վերջին լուրեր