07 / Դեկտեմբեր / 2021 : 11-29

Ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ նայեք հայելու մեջ․ Թորոսյանը՝ Թովմասյանին

Ազգային ժողովը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը։

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարել առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության ու սպասարկման շրջանակում:

«Նշված կարգավորումը անհրաժեշտություն էր, քանի որ մի շարք այցեր զինվորական հոսպիտալներ ապացուցեցին այն, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում նախատեսված չէ և ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է վերադառնա և 14 օրվա ընթացքում հնարավորություն ունենա կարգավորելու իր առողջական խնդիրները, հնարավոր է նա ընդհուպ մեկ ամիս հերթի մեջ լինի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում», - հայտարարեց ասաց Թովմասյանը:

Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց, թե հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել տվյալ նախագծին, որովհետև փաստացի այդ արտոնությունները Կառավարության ծրագրերով և որոշումներով արդեն իսկ տրվում է զինծառայողներին։

«Այլ հարց է, որ կարող ենք քննարկել լայնացնելու շրջանակները, մեծացնել ծավալները, ուստի, կոչ եմ անում դեմ քվեարկել», - ասաց Գաբրիելյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ հայտարարեց, թե այս նախագիծը կրում է պոպուլիստական բնույթ:

Թագուհի Թովմասյանն էլ հակադարձեց. «Պարոն Թորոսյան, պոպուլիզմի մեջ ինձ մեղադրելուց առաջ եկեք միասին գնանք հիվանդանոցներ ու ձեր աչքով տեսեք՝ զինվորները ինչքան ժամանակ են հերթ կանգնում: Մի ստեք»:

Արսեն Թորոսյանն էլ ընդդիմադիր գործընկերոջն անարձագանք չթողեց. «Եթե դուք երբեմն քարոզչական նպատակներով հոսպիտալներ եք այցելում, ես հիմնականում այնտեղից դուրս չեմ գալիս ու ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ավելի լավ է նայեք հայելու մեջ մեկ-մեկ»:

Այսպիսով` նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, դեմ՝ 55, ձեռնպահ՝ 2։

Մանրամասները՝ տեսանյութերում։
Դիտվել է 11638անգամ
Վերջին լուրեր