Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Դեկտեմբեր / 2021 : 00-12
Հիշեցում երեխաների իրավունքների և խախտումների պաշտպանության մասին. դեկտեմբերի 11
ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ

Ինչպես հայտնի է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ դեկտեմբերի 11-ը սահմանվել է երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային օր. հիշեցում երեխաների իրավունքների և խախտումների մասին։

Ոլորտում առկա մարտահրավերների ցանկը երկար է.

Այսօրվա սերունդները կանգնած են նոր և համընդհանուր բնույթի փոփոխությունների առջև, որն աներևակայելի են նույնիսկ ծնողների համար՝ անհավասարության աճ, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ աշխարհընկալման փոփոխություններ. համացանցի ծնունդը...
Ահա մանկության տարիների սովորույթները փոփոխվել են, ապա տարափոխվել նաեւ մոտեցումները, կյանքի եւ հարաբերությունների ընթացքը:
Հետհայացք նետելով ավագ սերնդի ապրելակերպին, սովորույթներին, պետք է այնուամենայնիվ ուղղորդվենք առաջ, նոր զարգացող աշխարհ։ Լսելով նոր սերնդի՝ երեխաների ու երիտասարդների առավելագույնս հուզող խնդիրները, աշխատենք նրանց հետ միասնաբար 21-րդ դարում 21-րդ դարի խնդիրներին լուծումներ գտնելու համար:

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի, աղքատությունը, անհավասարությունը, խտրականությունը և հեռավորությունը շարունակում են ամեն տարի միլիոնավոր երեխաներին զրկել իրենց իրավունքներից։ Ամեն օր մինչև հինգ տարեկան հազարավոր երեխա է մահանում՝ հիմնականում բուժելի հիվանդություններից և այլ պատճառներից. ավելորդ քաշ, անեմիայով տառապող աղջիկների թվի տագնապալի աճ, բնական կարիքները դրսում հոգալը, մանկական ամուսնությունների համառ մարտահրավերները շարունակում են սպառնալ երեխաների առողջությանը և ապագային: Հաղթահարված չէ նաեւ որակյալ կրթությանը հասնելու խնդիրը. զարգացող երկրներում տարրական դասարանների երեխաների մեծ տոկոսը նվազագույն գիտելիքների յուրացման մարտահրավերի առջեւ է։ Դեռահասները դպրոցում բռնության են ենթարկվում, ուստի դպրոցը չի ընկալվում որպես անվտանգ վայր: Հակամարտությունները շարունակում են զրկել երեխաներին այն պաշտպանվածությունից, առողջությունից և ապագայից, որոնց նրանք արժանի են:

Դեռեւս 2019 թվականին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն տիկին Հենրիետա Ֆորին բաց նամակ է ուղղել աշխարհի երեխաներին`
Ութ պատճառ, թե ինչու եմ ես անհանգստանում ձեր ապագայի համար, և ութ պատճառ, թե ինչու եմ կարծում, որ հույս կա։
(ստորեւ՝ որոշ կրճատումներով)

1. Ձեզ հարկավոր է մաքուր ջուր, մաքուր օդ և անվտանգ շրջակա միջավայր...

Ինչու՞ եմ անհանգստանում.

Ակնհայտ է, որ բոլոր երեխաների կարիքների մասին թեզերի հիմքում առողջ կյանքն է՝ ապրելու համար մաքուր միջավայր, շնչելու մաքուր օդ, խմելու ջուր և սնունդ...
Կլիմայի փոփոխությունը կարող է վտանգել այս բոլոր հիմնական իրավունքների իրականացումը, ինչպես նաև՝ վերջին 30 տարիների ընթացքում երեխաների կյանքի պահպանման և զարգացման գործում ձեռք բերված արդյունքների մեծ մասը: Հավանաբար, չկա ավելի մեծ վտանգ, որը սպառնում է հաջորդ սերնդի իրավունքներին:

Ինչու՞ կա հույս.

Կլիմայի փոփոխությունները մեղմելու համար կառավարությունները և բիզնեսները արմատական պատճառները լուծելու ուղղությամբ պետք է միասին աշխատեն...
Առավելագույն առաջնահերթություն տանք երեխաների վրա շրջակա միջավայրի ազդեցությունների նվազեցմանն ուղղված լուծումների որոնման ջանքերին:

2. Ձեզանից ամեն չորրորդը հավանաբար ապրում և սովորում է հակամարտությունների և աղետների գոտիներում

Ինչու՞ եմ անհանգստանում.

Երեխաները միշտ եղել են պատերազմի առաջին զոհերը: Այսօր հակամարտություն ունեցող երկրների թիվն առավելագույնն է, որ երբևէ եղել է 1989 թ-ին Երեխաների իրավունքների կոնվենցիայի ընդունումից ի վեր: Այսօր ամեն չորրորդ երեխան ապրում է արյունահեղ պատերազմից կամ աղետից տուժած երկրում, պատերազմների և անապահովության պատճառով 28 միլիոն երեխա դուրս է մղվել իր տնից։ Դա անձնական ողբերգություն է յուրաքանչյուր երեխայի համար: Մի ամբողջ սերնդին երազանքներից զրկելը մարդկային ներուժի սարսափելի վատնում է: Ավելին, կրթություն չունեցող, կորսված, հիասթափված և զայրացած սերունդ ձևավորելն այն վտանգավոր ռիսկն է, որը կարող է մեզ ամեն ինչից զրկել:

Ինչու՞ կա հույս.

Որոշ պետություններ արդյունավետ քաղաքականություն են ներդրել՝ փախստականներին ինտեգրելու գործում:

Թվային նորարարությունները կարող են օգնել մեզ ավելին անել:
Թվային ներառական աշխարհը պետք է հնարավորություն տա երիտասարդներին կրթություն ստանալ՝ անկախ նրանց իրավիճակից: Թվային «ուսուցման անձնագրի» պես լուծումների տարածումը կարող է օգնել միլիոնավոր տեղահանված երեխաների՝ ձեռք բերել զարգանալու համար անհրաժեշտ հմտություններ:

3. Պետք է այնպես անել, որ հոգեկան առողջության մասին խոսելը նորմալ լինի

Ինչու՞ եմ անհանգստանում.

Եթե մենք հավատայինք այն ամենին, ինչ կարդում ենք և տեսնում հեռուստատեսությամբ ու կինոնկարներում այսօրվա դեռահասների մասին, մեզ կարելի էր ներել այն կարծիքը, որ նրանք վայրենի, հակահասարակական խումբ են: Մինչդեռ, սա ամենևին չի համապատասխանում ճշմարտությանը: Տվյալները փաստում են, որ դեռահասներն այսօր ավելի քիչ են ծխում, ավելի քիչ են խմում, ավելի քիչ են խնդիրներ ունենում և, ընդհանուր առմամբ, ավելի քիչ են ռիսկի դիմում, քան նախորդ սերունդները: Նրանց կարելի է նույնիսկ կոչել «խելամիտ սերունդ»:
Սակայն, դեռահասների համար կա ռիսկի մի ոլորտ, որը ցույց է տալիս սխալ ուղղությամբ ծայրաստիճան անհանգստացնող միտում. այն հիշեցնում է մեզ անտեսանելի խոցելիության մասին, որը երիտասարդները դեռ կրում են իրենց ներսում: Անցած 30 տարիների ընթացքում մինչև 18 տարեկանների շրջանում հոգեկան առողջության խանգարումները կայուն աճում են, իսկ դեպրեսիան այժմ երիտասարդության մեջ հաշմանդամության առաջատար պատճառներից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականով՝ 2016-ին 62,000 դեռահաս մահացել է ինքնավնասման պատճառով, ինչն այսօր մահվան երրորդ առաջատար պատճառն է 15-19 տարեկան դեռահասների շրջանում:

Սա միայն հարուստ երկրների խնդիրը չէ. ԱՀԿ-ի կողմից 2016 թվականին գնահատված դեռահասների ինքնասպանությունների ավելի քան 90 տոկոսը տեղի են ունեցել ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում: Եվ, թեև ցածր եկամուտ ունեցող երկրներում ծանր հոգեկան խանգարումներ ունեցող երիտասարդները հաճախ բուժում ու աջակցություն չեն ստանում, աշխարհում չկա մի երկիր, որը կարող է պնդել, որ հաղթահարել է այս մարտահրավերը:

Ինչպես ասել է ԱՀԿ հոգեկան առողջության փորձագետ Շեխար Սաքսենան. «Երբ խոսքը վերաբերում է հոգեկան առողջությանը, բոլոր երկրները զարգացող երկրներ են»: Հաշվի առնելով, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծամասնությունը իրենց ընդհանուր առողջապահության բյուջեի 1 տոկոսից պակասն է ծախսում հոգեկան առողջության խնդիրների բուժման վրա, իսկ բարձր եկամուտ ունեցող երկրները՝ ընդամենը 4-5 տոկոսը. պարզ է, որ այս խնդրին պետք է ավելի մեծ առաջնահերթություն տրվի ամբողջ աշխարհում:

Ինչու՞ կա հույս.

Հաշվի առնելով, որ անբուժելի հոգեկան հիվանդությունների կեսը սկսվում է մինչև 14 տարեկանը, տարիքին համապատասխան հոգեկան առողջության խթանումը, կանխարգելումը և թերապևտիկ բուժումն ու վերականգնումը պետք է առաջնահերթ դառնան: Վաղ հայտնաբերումը և բուժումը կարևոր նշանակություն ունեն՝ թույլ չտալու հոգեկան խանգարումների թվաքանակի աճը մինչև ճգնաժամային կետին հասնելը, որոնց հետևանքով ունենում ենք թանկարժեք երիտասարդ կյանքերի վնասում ու կորուստ: Բայց շատ հաճախ վաղ փուլում օգնություն խնդրող երիտասարդների առջև կանգնած են շարունակական բացասական վերաբերմունքն ու տաբուները, որոնք թույլ չեն տալիս մարդկանց բաց խոսել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին: Բարեբախտաբար, այս տաբուները սկսում են քայքայվել, իսկ երիտասարդները, ևս մեկ անգամ, հարթում են ճանապարհը` հիմնելով հասարակական կազմակերպություններ, մշակելով ծրագրեր, բարձրացնելով իրազեկվածությունն ու բարձրաձայնելով հոգեկան հիվանդության հետ իրենց սեփական պայքարի, ինչպես նաև՝ վիճակը լուծելու ջանքերի մասին՝ հուսալով, որ մյուսներն իրենց մեջ ուժ կգտնեն նույն կերպ վարվելու համար:


4. Ձեզանից ավելի քան 30 միլիոնը գաղթել է իր ծննդավայրից

Ինչու՞ եմ անհանգստանում.

Միգրացիան մարդկության կյանքի մասն է եղել ողջ պատմության ընթացքում: Հազարամյակներ շարունակ երեխաներն ու ընտանիքները լքել են իրենց ծննդավայրերը՝ որոնելով կրթական կամ աշխատանքային նոր հնարավորություններ և որոնումներում նոր համայնքներում հաստատվելով: Այսօր էլ է նույն իրավիճակը: Մենք ապրում ենք շարժական աշխարհում, որտեղ առնվազն 30 միլիոն երեխա երկրների սահմաններ է հատել:
Շատերի համար միգրացիան պայմանավորված է ավելի լավ կյանք ունենալու մղումով: Բայց չափազանց մեծ թվով երեխաների համար միգրացիան ոչ թե դրական ընտրություն է, այլ՝ հրատապ անհրաժեշտություն. նրանք պարզապես հնարավորություն չունեն կառուցելու անվտանգ, առողջ և բարգավաճ կյանք իրենց ծննդավայրում: Երբ միգրացիան պայմանավորված է հուսահատությամբ, դա կարող է հանգեցնել առանց օրինական թույլտվությունների երկրե-երկիր գնացող երեխաների մի քանակի, որոնք դառնում են այսպես կոչված «անկանոն միգրանտներ»: Նրանք հաճախ վտանգավոր ճանապարհորդություններ են կատարում՝ հատելով անապատներ, օվկիանոսներ և զինված սահմաններ՝ ճանապարհին հանդիպելով բռնության, չարաշահման և շահագործման:

Ինչու՞ կա հույս.

Ոչ մի երեխա չպետք է ստիպված լինի արտագաղթել իր տնից, սակայն իրավիճակը դժվար թե փոխվի մինչև դրա հիմնարար պատճառները չվերացվեն: Դա նշանակում է` լուծել համայնքային և տարատեսակ խմբավորումների կողմից գործադրվող բռնության հարցը, այնպես ամրապնդել պաշտպանության համակարգերը, որպեսզի երեխաները կարողանան ապահով լինել իրենց համայնքներում, բարելավել որակյալ կրթության և աշխատատեղի հասանելիությունը, ինչպես նաև՝ ապահովել, որ երիտասարդները հնարավորություն ունենան ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ` իրենց և իրենց հայրենիքների համար ավելի լավ և ավելի անվտանգ ապագա կառուցելու նպատակով:

5. Ձեզանից հազարավորները երբեք պաշտոնական փաստաթղթեր չեն ունենա, եթե մենք չգործենք

Ինչու՞ եմ անհանգստանում.

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ունենալ իր իրավաբանական նույնականացումը, ծննդյան գրանցումն ու քաղաքացիությունը: Բայց այսօր ծնված երեխաների մեկ քառորդը` գրեթե 100,000 նորածին, գուցե երբեք չունենա պաշտոնական ծննդյան վկայական կամ անձնագիր: Եթե ձեր ծնողները քաղաքացիություն չունեն կամ պարզապես ապրում եք աղքատ հեռավոր շրջանում, հավանաբար ձեզ երբեք չի տրվի գրանցում կամ ծննդյան վկայական: Ցանկացած պետության կողմից այս պաշտոնական գրանցման բացակայությունը նշանակում է, որ դուք կարող եք զրկվել առողջապահական, կրթական և այլ պետական ծառայություններից: Հետագա կյանքում պաշտոնական ինքնության բացակայությունը կարող է նշանակել, որ դուք ամուսնանում, վտանգավոր աշխատանքի եք անցնում կամ զինված ուժեր եք զորակոչվում մինչև չափահաս դառնալը: Որպես չգրանցված կամ «քաղաքացիություն չունեցող» երեխա` դուք անտեսանելի եք իշխանությունների համար` կարծես երբևէ գոյություն չեք ունեցել:

Ինչու՞ կա հույս.

Երեխաներին ծննդյան ժամանակ գրանցելն առաջին քայլն է`օրենքի առջև նրանց ճանաչումն ապահովելու, նրանց իրավունքները պաշտպանելու և ապահովելու, որ այդ իրավունքների ցանկացած խախտում աննկատ չմնա: Միավորված ազգերի կազմակերպությունը նպատակ է դրել, որ մինչև 2030 թվականը մոլորակի յուրաքանչյուր մարդ ունենա իրավաբանական ինքնություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այդ ուղղությամբ աշխատելու գործում աջակցում է կառավարություններին՝ սկսելով բոլոր ծնունդների գրանցումից:


6. Ձեզ հարկավոր են 21-րդ դարի հմտություններ՝ նախատեսված 21-րդ դարի տնտեսության համար

Ինչու՞ եմ անհանգստանում.

Աշխարհում 10-ից 24 տարեկան ավելի քան 1,8 միլիարդ երիտասարդ կա, ինչը մարդկության պատմության մեջ ամենամեծ խմբերից մեկն է: Շատ հաճախ նրանք զրկված են այնպիսի կրթությունից, որը նրանց կնախապատրաստի ժամանակակից աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների պահանջներին` տալով 21-րդ դարի տնտեսության համար անհրաժեշտ հմտություններ և հեռանկար:

Ինչու՞ կա հույս.

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համաշխարհային իր գործընկերների հետ միասին, մի նոր նախաձեռնություն է սկսել` պատրաստելու երիտասարդներին արդյունավետ և ներգրավված քաղաքացի դարձնելու ուղղությամբ: «Սերունդ անսահման հնարավորություններով»-ը նպատակ ունի ապահովել, որ յուրաքանչյուր երիտասարդ մինչև 2030 թվականը լինի դպրոցում, ուսում ստանա, վերապատրաստվի կամ աշխատի:

7. Ձեր «թվային ոտնահետքը» պետք է պաշտպանված լինի

Ինչու՞ եմ անհանգստանում.

Համացանցը ստեղծվել է 30 տարի առաջ՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հետ նույն տարում: Այսօր այն արմատապես փոխել է աշխարհը և վերափոխել թե՛ մանկությունը, թե՛ չափահասությունը: Ենթադրվում է, որ աշխարհում յուրաքանչյուր 3 երեխայից գրեթե 1-ը ինտերնետի կանոնավոր օգտատեր է, և այս սերնդի մեծանալուն զուգահեռ, այդ համամասնությունը ևս աճելու է։
Սոցիալական ցանցերի՝ երեխաների վրա դրական կամ բացասական ազդեցություն ունենալու վերաբերյալ բանավեճերը դառնում են սովորական, իսկ երեխաներին բռնությունից և վնասակար բովանդակության ազդեցությունից ենթարկվելուց պաշտպանելու համար ավելի շատ գործողություններ են անհրաժեշտ: Ծնողներն ու երեխաները նույնպես սկսում են գիտակցել սոցիալական ցանցերում չափազանց շատ անձնական տեղեկատվության տեղադրման ռիսկը։ Ճշմարտությունն այն է, որ երեխաների կողմից իրենց սոցիալական ցանցերի պրոֆիլներում ստեղծված տվյալները հանդիսանում են տվյալների սառցաբեկորի գագաթը միայն: Ավելի քիչ է գիտակցվում այն չափազանց կրևոր փաստը, որ երեխաների մասին հավաքագրվում է տվյալների հսկայական քանակ։

Երբ երեխաները առօրյա կյանքում օգտվում են համացանցից՝ թերթում են սոցիալական ցանցերը, օգտագործում են որոնող կայքեր, էլեկտրոնային առևտրի և ազգային ​​պլատֆորմներ, խաղեր են խաղում, ծրագրեր ներբեռնում և շարժական գեոլոկացիայի ծառայություններ օգտագործում, նրանց շուրջ հավաքվում է հազարավոր կտոր տվյալներից բաղկացած «թվային ոտնահետք»: Որոշ տվյալներ կարող են հավաքվել նույնիսկ ծննդյան պահից առաջ, և, իհարկե, նախքան երեխաները կկարողանան գիտակցաբար համաձայնել դրա հավաքագրմանն ու օգտագործմանը:

Այսպես կոչված «մեծ տվյալների» դարաշրջանը կարող է վերափոխվել` լավագույն տարբերակով երեխաներին արդյունավետ, անհատականացված և արձագանքող ծառայություններ մատուցելով, բայց այն նաև կարող է բացասական ազդեցություն ունենալ նրանց անվտանգության, անձնական կյանքի, անկախության և կյանքի հետագա որոշումների վրա: Մանկության ընթացքում ստեղծված անձնական տեղեկատվությունը կարող է տրամադրվել երրորդ անձանց, վաճառվել շահույթ ստանալու նպատակով, կամ օգտագործվել երիտասարդների շահագործման համար, մասնավորապես՝ առավել խոցելիների:

Տվյալների հավաքագրման և օգտագործման, համաձայնության և գաղտնիության միջև կապը բավականաչափ բարդ է մեծահասակների համար, բայց երեխաների համար այն կրկնակի բարդ է, քանի որ համացանցը չի նախագծվել հաշվի առնելով երեխաների իրավունքները և կարիքները, և քչերը բավականաչափ գիտելիքներ ունեն՝ տվյալների համօգտագործման և գաղտնիության վերահսկման բարդությունները կառավարելու համար:

Ինչու՞ կա հույս.

Այսօր մեր բոլորի առջև ծառացած մարտահրավերն այն է, որ մենք ապահովենք այնպիսի համակարգերի ձևավորում, որոնք առավելագույնի հասցնեն մեծ տվյալների և արհեստական ​​ինտելեկտի դրական ազդեցությունը՝ պահպանելով գաղտնիությունը, ապահովելով պաշտպանություն վնասներից և հնարավորություն տալով մարդկանց, այդ թվում` երեխաներին, իրականացնել իրենց իրավունքները: Եվ մենք սկսում ենք գործել. կառավարությունները ուժեղացնում են կարգավորող օրենսդրությունը, մասնավոր հատվածի մատակարարները գիտակցում են իրենց դերը, իսկ մանկավարժները մտածում են այն մասին, թե ինչպես երեխաներին զինել առցանց աշխարհում անվտանգ նավարկելու գործիքներով: Սա սկիզբն է: Երիտասարդներին իրենց թվային իրավունքները պաշտպանելու գիտելիքներով և հմտություններով զինելն անհրաժեշտություն է:


8. Կարող եք լինել երբևէ ամենաքիչը վստահող քաղաքացիներ

Ինչու՞ եմ անհանգստանում.

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ակտիվորեն մասնակցել իր հասարակության կյանքին, և ձեզանից շատերի համար քաղաքացիական ներգրավվածության ձեր առաջին փորձը կլինի առցանց: Այնուամենայնիվ, ձեզանից շատերը մեծանալու են որպես թվային միջավայրի բնիկներ, որոնք հագեցած են ապատեղեկատվությամբ և այսպես կոչված «կեղծ նորություններով», ինչը վտանգում է հաստատությունների և տեղեկատվության աղբյուրների նկատմամբ վստահությունն ու դրանց հետ համագործակցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ երեխաներ և երիտասարդներ այսօր դժվարանում են առցանց տարբերակել փաստը հորինվածքից և, որպես հետևանք, ձեր սերունդը դժվարանում է որոշել, թե ում և ինչին վստահել:

Ինչու՞ կա հույս.

Կան որոշ ապացույցներ, որոնք ենթադրում են, որ մեծահասակները պետք է իրենց վստահությունը փոխանցեն երեխաներին և երիտասարդներին, որպեսզի նրանք չհավատան կեղծիքներին, քանի որ թվային և ցանցային գրագիտության ավելի բարձր մակարդակը «թվային բնիկների» միջավայրում գործում է որպես պաշտպանիչ ֆիլտր: Այնուամենայնիվ, պարզ է, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք` պատրաստելու ըմբռնող երիտասարդ քաղաքացիներ, որոնք ունակ կլինեն դիմակայել մանիպուլյացիաներին և հուսալի կապ պահպանել վստահելի և ստուգելի տեղեկատվության և ինստիտուցիոնալ գիտելիքների աղբյուրների հետ:

Ավելին, մենք պետք է քրտնաջան աշխատենք երիտասարդների և հաստատությունների միջև բովանդակալից կապեր ստեղծելու, վստահության վերականգնման ուղղությամբ, եթե ուզում ենք ապագայում պահպանել ժողովրդավարական հասարակարգը:

www.unicef.am
Author's cover photo
Ամսաթիվ 12 / Դեկտեմբեր / 2021 : 00-12
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 14784անգամ
Վերջին լուրեր