Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Դեկտեմբեր / 2021 : 11-46

Ամսական 50 000 դրամ կտրվի՝ երրորդ և հաջորդ երեխաների համար՝ մինչեւ 6 տարեկանը լրանալը

Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն կտրամադրվի։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ նախագծի ընդունման նպատակն է նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը։


«Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկանը։ Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022թ.-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,-ասաց նախարարը։

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այսպիսով կառավարությունը սկսում է իրականացնել ծրագիր, որով նախատեսվում է 6 տարի շարունակ ամենամսյա վճարումներ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի համար։

«Նախատեսվում է 2025թ.-ին իրականացնել արդյունավետության գնահատում՝ ծրագրի երեք տարվա արդյունքների մասով և ժողովրդագրական վիճակի բարելավման բավարար արդյունք արձանագրելու դեպքում աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ»,-նշեց նախարարը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ աջակցության այս ծրագիրը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վրա։

Դիտվել է 18257անգամ
Վերջին լուրեր