Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունվար / 2022 : 14-43

2022 թվականի փետրվարի 1-ից անցում էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին

2022 թվականի հունվարի 5-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել են հանձնաժոողովի 25.12.2019թ. №516Ն-№523Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկայի առևտրային և ցանցային կանոններում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, որոնցով ամրագրված կարգավորումների համաձայն 2022 թվականի փետրվարի 1-ից նախատեսվում է աստիճանական անցում կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Նշված կարգավորումների նպատակը ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և մրցակցային բաղադրիչների ներդրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական նախադրյալների ստեղծումն է, որոնց համաձայն, մասնավորապես, նախատեսվում է՝

1. սահմանել ազատական շուկայական պայմաններում առևտրի իրականացման կանոնները, այդ թվում՝ սպառողների կողմից մատակարարին (երաշխավորված մատակարարին) փոփոխելու կարգը, շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջները,


2. նոր խմբագրությամբ շարադրել սպառողների հետ կնքված պայմանագրերի օրինակելի ձևերը՝ ամրագրելով, որ մինչև 2022 թվականի հունվարի 25-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը որոշմամբ սահմանված կարգով և պարբերականությամբ պետք է ապահովի սահմանված պայմանագրի օրինակելի ձևի և դրան համապատասխան պայմանագրերի փոփոխման՝ հանձնաժողովի որոշմամբ ամրագրված կարգավորման մասին սպառողների իրազեկումը։ Միաժամանակ, նախատեսվել է կարգավորում առ այն, որ եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, գրավոր չի դիմում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանագրի լուծման համար, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, այդ պայմանագիրը համարվում է փոփոխված՝ էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման հրապարակային պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան,

3. ամրագրել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման սկզբունքները, շուկայի նոր մասնակիցների, այդ թվում՝ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրող գործունեության կանոնները, սակագնային կարգավորման ոչ ենթակա գործունեությունները,

4. առավել արդյունավետ ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի աշխատանքը, բարելավել գործունեության թափանցիկությունը և մրցակցային պայմանները, հստակեցնել ցանցի զարգացման պլանավորման, օպերատիվ կառավարման, ինչպես նաև բաշխման ցանցին սպառողների սպառման համակարգերի կամ նոր հզորությունների միացմանն առնչվող կարգավորումները,

5. էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին անցումը սահուն և անցնցում կատարելու նպատակով սահմանել անցումային կարգավորումներ։

Նախագծերը մշակվել են Հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի ծրագրի աջակցությամբ։
Դիտվել է 45065անգամ
Վերջին լուրեր