Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Փետրվար / 2022 : 15-58

Վերաբացվեց Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցությունը

Այսօր՝ 18:00-ին, Airbus A320 օդանավը Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կուղեւորվի եւ մոտ 1 ժամ 50 րոպե հետո վայրէջք կկատարի Ստամբուլի միջազգային օդանավակայանում: Ստամբուլից ուղեւորներ բերող օդանավը «Զվարթնոց»-ում վայրէջք կկատարի կրկին այսօր՝ 23:30-ին: Այսպիսով՝ կարող ենք ասել, որ վերականգնվում է Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցությունը, որ երկու տարուց ավելի ընդհատված էր: Գրում է aliqmedia.am-ը։

Հայաստանի անկախացումից հետո՝ 1990-ականների կեսերից, «Հայկական ավիաուղիներ» եւ «Արմավիա» ընկերությունների իրականացրած Երեւան-Ստամբուլ-Երեւան կանոնավոր թռիչքները ավիաընկերությունների սնանկացումից հետո 2000-ականների սկզբին արդեն դադարել էին: Երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի գիծը զբաղեցրել էր թուրքական «Ատլաս գլոբալ» ընկերությունը, վերջինս էլ, ֆինանսական ինչ-ինչ հարցերով պայմանավորված, 2019-ի վերջից դադարեցրել էր թռիչքները:

Airbus A320-ը պատկանում է մոլդովական Flyone ավիաընկերությանը, որի հետ համագործակցաբար էլ 2021-ին ստեղծվեց Flyone Armenia հայ-մոլդովական ավիաընկերությունը: Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Flyone Armenia-ի 54% բաժնեմասը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, սակայն փաստաթղթերում նշվում են Սուքիասյաններին փոխկապակցված անձանց անուններ, իսկ մնացած 46%-ը տնօրինում է մոլդովական կողմը:


Առաջին հայկական բյուջետային ավիաընկերություն համարվող Flyone Armenia ընկերությունն է այսօրվանից սկսում ոչ կանոնավոր, կոմերցիոն չվերթեր իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Ավիաընկերությունը, ինչպես տեղեկանում ենք, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կենտրոնից (ՔԱԿ) համապատասխան թույլտվություն ստացել է 2020-ի դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ այս տարվա հունվարին: Այս տարվա հունվարին Հայաստանի ՔԱԿ-ից Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել նաեւ թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունը (նույնպես բյուջետային ավիաընկերություն է, հիմնադրվել է 1990 թվականին, թռիչքներ է իրականացնում դեպի 42 երկիր՝ 111 ուղղություններով): Վերջինիս՝ դեպի Հայաստան թռիչքները, ըստ ՔԱԿ-ի տված թույլտվության, լինելու են ոչ կանոնավոր, չարտերային, առեւտրային: Pegasus Airlines-ին, նրա ներկայացրած հայտի հիման վրա, հայկական ավիացիոն իշխանությունները թույլատրել են փետրվարի 3-ից մինչեւ 2022 թվականի փետրվարի 6-ը դեպի Երեւան իրականացնել երկու չվերթ եւ 2022 թվականի փետրվարի 7-ից մինչեւ 2022 թվականի մարտի 27-ը՝ շաբաթական երեք չվերթ:

Aram Ananyan«Ալիք Մեդիա»-ն Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանից տեղեկացավ, որ ավիաընկերության Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերը սկզբնական շրջանում լինելու են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ։ «Ավիաընկերությունը նախատեսում է առաջիկա ամիսներին Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ»,- հայտնեց Արամ Անանյանը՝ ավելացնելով, որ այս պահին ոչ մի խոչընդոտ չկա, եւ Flyone Armenia-ն պատրաստ է դեպի Ստամբուլ առաջին թռիչքին:


Շարունակությունը կարդացեք aliqmedia.am-ում
Դիտվել է 10285անգամ
Վերջին լուրեր