03 / Փետրվար / 2022 : 13-06

«Հայաստանում էական աճել է միջին ամսական աշխատավարձը»․ Փաշինյանը թվեր հրապարակեց

Կորոնավիրուսային համավարակի և պատերազմական ցնցումների պայմաններում Հայաստանում էական աճել է միջին ամսական աշխատավարձը և ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով: Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 հազար 661 դրամ, ինչը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավել է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018 թվականի համեմատ ավել է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով: 2021 թվականի ընթացքում Հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ , ինչը 2020 թվականի համեմատ ավել է 19,7 միլիարդ դրամով կամ 13 տոկոսով, իսկ 2018 թվականի համեմատ ավել է 38.7 միլիարդ դրամով կամ 38 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց նաև, որ ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով 2018 թվականի համեմատ:

«Խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է: Ցածր վարձատրվող աշխատողների տեսակարար կշիռը 60.4 տոկոսից դարձել է 51.45 տոկոս»,- նշեց Փաշինյանը:

«Բայց, ցավոք, պիտի ընդգծեմ, որ մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021-ի ընթացքում մենք ունեցել ենք էական գնաճ, որը կազմում է 2021-ի դեկտեմբերին, 2020-ի համեմատ, 7,7 տոկոս. սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեում», - ասաց ՀՀ վարչապետը:

Նա ասաց, թե եթե իրենց հաջողվի ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, ապա բերեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կլինի:

Փաշինյանի խոսքով՝ 2021-ի նախնական արդյունքներով՝ 5,8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր:
Դիտվել է 23246անգամ
Վերջին լուրեր