10 / Փետրվար / 2022 : 14-58

«Իմեդի»-ն ներողություն է խնդրել «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես ադրբեջանական է» գրությունը եթեր տալու համար

Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։

Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը։

«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար

«Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։

«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։ Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից։

Ավելի վաղ Yelaket.am-ը հայտնել էր, որ Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության պատրաստծ ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնվել են կաթնամթերքի շշեր, որոնց վրա վրացերեն գրված էր «մածուն», իսկ հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես ադրբեջանական է»։
Դիտվել է 24383անգամ
Վերջին լուրեր