02 / Մարտ / 2022 : 19-37

Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)

Ամիսներ առաջ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցած «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Գյումրիում ադրբեջանական ռադիոալիք է հեռարձակվում։

«Մեզ դիմել էին ռադիոլսողներ եւ տարակուսած ահազանգել, որ Գյումրիում արդեն որոշակի ժամանակ է՝ FM 103.300 հաճախականությամբ հեռարձակվում է թուրքական ռադիոալիք։ Որոշակի հետազոտություններ կատարեցինք եւ հասկացանք, որ սա ադրբեջանական ռադիոալիք է՝ կոչվում է «Արազ», գտնվում է Բաքվում, բայց հեռարձակվում է միայն Գյումրում՝ կապ հաստատեցինք Ստեփանակերտի մեր ընկերների հետ, պարզվեց՝ այնտեղ նման հաճախականություն չկա, Երեւանում էլ չկա, եւ սա բազմաթիվ կասկածներ է հարուցել մեզ հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Պողոսյանը։



Նրա դիտարկմամբ՝ Արցախյան շարժումից առաջ Շիրակի մարզում նույնպես ադրբեջանցիներ են ապրել, կան որոշները, որոնք ծպտյալ են մինչեւ այսօր՝ ենթադրելով, որ այդ տեսանկյունից նման ռադիոալիքի հեռարձակումը կարող է լուրջ սպառնալիք իրենից ներկայացնել։

«Այս ռադիոալիքի հեռարձակումը կարող է նրանց բոլորին հավաքել եւ որոշակի ազդակ լինել, նույն այդ ալիքի միջոցով կարողանան ծպտյալ ադրբեջանցիներին իրար գլխի հավաքել եւ զանգվածային անկարգություններ անել, երկրորդ՝ կարող է այս ռադիոալիքով իրենց ուզած քարոզչությունն անեն այստեղ։ Մասնագետներն ասում են, որ նման ռադիոալիքի միջոցով կարող են որոշակի ժամանակակից զենքեր կիրառել։ Պարզվեց նաեւ, որ դեռեւս մեկ տարի առաջ Ռադիոֆեդերացիայի անդամ է դարձել մի տարօրինակ եւ կասկածելի անձ, որը վերջին տարիներին է Գյումրիում հայտնվել, եւ ռեզյումեի մեջ որպես մայրենի լեզու նշված է եղել ադրբեջաներեն։ Կասկած ունենք, որ սա տվյալ անձի կողմից է այս ռադիոալիքը հեռարձակվում։ Գտնում ենք, որ սա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է»,- նշել է Պողոսյանը։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15599անգամ
Վերջին լուրեր