24 / Մարտ / 2022 : 17-10

Ես չէի պատկերացնում, որ իմ եղբայրը նման հերոս է. նշանածին սպանելու համար մեղադրվող կինը, նրա մայրն ու եղբայրը ազատ են արձակվել

Ամիսներ առաջ 36-ամյա տղամարդուն դաժանաբար սպանելու համար մեղադրվող անձինք՝ հայտնի պարուսույց Լարիսա Հակոբյանը, նրա մայրն ու եղբայրն ազատության մեջ են:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով՝ կատարվածի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վերոնշյալ երեք անձինք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով կատարված հանցագործության համար (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Նշենք, որ օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ պարուսույց Լարիսա Հակոբյանն ու նրա եղբայրը պարում են: Տեսանյութը պարուսույցը հրապարակել էր ինստագրամյան էջում՝ նշելով նաեւ եղբորը:

Հիշեցնենք՝ 2021 թվականի աշնանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի տներից մեկում ողբերգական դեպք էր տեղի ունեցել: 36-ամյա Արսեն Ս.-ն սպանվել էր նշանածի տանը:

Սպանության համար կասկածվողներից մեկը, այսինքն՝ հարսնացուն, հանրությանը հայտնի պարուհի, պարային ստուդիաներից մեկի հիմնադիր ղեկավար Լարիսա Հակոբյանն է: Մյուս երկու կասկածյալները նրա եղբայրն ու մայրն են՝ Մոնթե Հակոբյանն ու Մ. Շ.-ն: Նշված երեք անձինք էլ ձերբակալվել էին: Ավելի ուշ Մոնթե Հակոբյանը կալանավորվել էր:

Ժամեր առաջ պարուսույցն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել,որտեղ առաջին անգամ բացահայտ խոսել ու հանրությանն է ներկայացրել ողբերգության օրը տեղի ունեցածի մանրամասները:


Ստորեւ ներկայացնում ենք տեսանյութի տեքստային վերծանումն ու կատարվածը Լարիսա Հակոբյանի մեկնաբանմամբ.

«Այդ օրը մենք պետք է մեր հարսանիքի օրը որոշեինք: Իր հեռախոսի վրա անընդհատ զանգեր էին գալիս, ինքն էլ, անընդհատ խոսելով, ներս ու դուրս էր անում: Ես ընդամենը հարցրի՝ ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող ենք մենք քեզ օգնել: Նայեց ինձ, հեռախոսը դրեց գրպանն ու սկսեց ինձ հայհոյել, խփել: Գնաց, խոհանոցից վերցրեց դանակն ու խփեց հորս, հայրս կույր է, չի տեսնում, գետնին ընկած՝ մինչեւ վերջ խնդրում էր, որ պետք չէ: Իսկ նա միայն մի բան էր ասում՝ չեմ եկել, որ գնամ, եկել եմ՝ բոլորիդ սպանեմ»:

Պարուսույցի խոսքով՝ իր եղբայրը՝ Մոնթեն, արթնացել է այն ժամանակ, երբ նշանածը ցանկացել է դանակով խփել իրեն, կտրել վիզը. «Ես չէի պատկերացնում, որ իմ եղբայրը նման հերոս է»:

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը Արսեն Ս.-ն իր նշանածի տանն է եղել եւ նրա ընտանիքի անդամների հետ շփվել: Զրույցի ընթացքում ապագա փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Նրա հարսնացուն էլ հետաքրքրվել է, թե ո՞վ է վերջինիս այդ ժամին գրում: Արսեն Ս.-ն հրաժարվել է պատասխանել հարսնացուի հարցին և նրան տալ իր հեռախոսը: Որից հետո խոսակցությունը վերածվել է վիճաբանության, դրանից հետո էլ տեղի է ունեցել սպանության դեպքը:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել էր 6 հատ դանակ՝ արնանման հետքերով:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 62736անգամ
Վերջին լուրեր