Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մարտ / 2022 : 15-54

«Խոսել Արցախի մասին, նշանակում է շոշափել անկախության սերնդի ամենացավոտ կետը... » Սիրանույշ Մելիքյան

Մենք ընկերներով շատ էինք Եռաբլուրում լինում՝ ամենատարբեր ժամերի ու առիթներով:

Նախ ասեմ, որ դեռևս ուսանողական տարիներից Եռաբլուր որպես գերեզման չեմ գնացել, միշտ ոգեղենությունս բարձրանում էր, սիրտս տեղն էր ընկնում, հպարտության զգացում էի ապրում, տուն էի գնում ու սկսում անվերջ կարդալ Արցախի մասին, փորձում էի հանդիպել մարդկանց, ովքեր մասնակցել են Արցախյան հերոսամարտին, նրանցից պատմություններ քաղել, հնարավորինս շատ բան իմանալ: Եռաբլուրում մի քանի անգամ տարբեր, հետաքրքիր դեպքերի եմ ականատես եղել.

Մի անգամ մոր եմ հանդիպել, որդու շիրիմի մոտ նստած գիրք էր կարդում, մոտեցա, պարզվեց կինը որդու կիսատ թողած գիրքն է կարդում: Մի անգամ ջութակահարների խումբ եմ տեսել իրենց արվեստագետ ընկերոջ գերեզմանի մոտ ջութակ նվագելիս, Մի անգամ երկու ընկերոջ եմ տեսել իրենց ընկերոջ հուշաքարի հետ օղի խմելիս, զրուցելիս, երգելիս: Եռաբլուր գնալու հետ մեկտեղ ակտիվորեն մոտս սրվում էր Արցախը տեսնելու, ճանաչելու, զգալու ցանկությունը:


2012 թվականն էր, առաջին անգամ Քարվաճառով ոտք դրեցի Արցախ աշխարհ: Ի դեպ՝ Արցախը լիարժեք զգալ ցանկացողն Արցախ պետք է Քարվաճառով մուտք գործի: Եղեգնուտում խոսում էի Քարվաճառի առաջին բնակիչներից մեկի հետ. - «Երբ որ եկանք Քարվաճառ, մեզ թվաց, թե դրախտ ենք եկել», պատմում էր նա։ Տարագիր ու ծանր է եղել Արցախի վերաբնակեցված հատվածի հայերի ճակատագիրը, Սումգայիթի, Բաքվի ջարդերից, Երկրաշարժից հետո մարդիկ գնացել են տուն կառուցել ու այսօր նորից են գաղթի ուղու վրա...Չգիտեմ էլ Աստված ինչ հավատ ու ուժ է ամբարել մեր՝ հայերիս մեջ։

Քարվաճառում մարդը մոտ է հոգու ազատությանը, մոտ է բնությանը, մոտ է արևին, մոտ է երկնքին, մոտ է հայրենիքն ավելի ամբողջական ունենալու գաղափարին, մոտ է աստղերին ու մոտ է հայ զինվորի արյան կանչին․․․Մոտ է Մոնթեին, Պետոյին, Կարոտին, Արշակին... Առաջին անգամ

Քարվաճառում եմ զգացել ինչ է ազատագրված հող, ազատ հայրենիք, միշտ իմացել եմ, բայց առաջին անգամ այնտեղ եմ զգացել...

Առաջին անգամ ոտք էի դրել Դադիվանք...

Ազատամարտիկ Միրուքը մանրամասն պատմում էր, թե ոնց են ազատագրել Քարվաճառը, ոնց են սև մրից, գոմաղբից մաքրել վանքի պատերը, թե ինչ կատաղի մարտեր են եղել մայր հայրենիքն Արցախին կապող կենսական Քարվաճառի ազատության համար...

Թարթառի ափով իրար մեջ մխրճված Մռավի լեռնային ստորոտներում շունչս պահել էի ու ներշնչանքից չէի հասկանում հետս ինչ է կատարվում: Եթե դու չխեղված գոնոֆոնդով հայ ես, ճանապարհի այս հատվածն առանց հուզմունքի, առանց ապրումների անհնար էր անցնել...

Քարվաճառում ամեն ինչ մի տեսակ ուրիշ է:



Ես այդտեղ հասկացա, որ Արցախն այն միտքն ու գաղափարն է, որ մեզ ազատել է ցեղասպանվածի, որբի, պարտվողի հոգեբանությունից, որ ապրեցնող սկիզբ է դարձել մեր ազգի համար, դարձել է մեր ուժեղ ու հայրենատեր լինելու լավագույն ապացույցը:
Քարվաճառ՝ բազմազան ու բազմապիսի զգացումների խոյանք,

Հազարավոր սերունդների համար երազանքի ճանապարհ Մայր հայրենիքից դեպի Արցախ...

Կիսատ մնացած կյանքերի, խարխլված ընտանիքների երջանկության գնով մեզ ընծայված հայրենիք։

Արցախ պետք է գաս առանց խոսքերի, առանց ուրիշներից լսելու, Արցախը պետք է զգալ նախ և առաջ՝ բոլոր բջիջներով: Առանց խոսքերի, առանց ուրիշներից լսելու, ընկերներ, երբևէ զգացած կա՞ք Արցախը, տեսած չէ, այցելած չէ. ԶԳԱՑԱԾ... Քարվաճառում՝ Պետոյի զոհվելու վայրում երբևէ կանգնած կա՞ք, Թարթառի ափով իրար մեջ մխրճված Մռավի լեռնային ստորոտներում շունչներդ պահած կա՞ք, Արցախի մուտքի մոտ՝ Օմարի լեռներն ազատագրած տանկին ձեռք տված կա՞ք, էթնիկ հիշուղությունը ձեր արթնացրած կա՞ք երբևէ։

Երբևէ Ձեզ պատմած կա՞ն ինչ կատաղի մարտեր են եղել Քարվաճառում, Դա իմ ու քո Արցախն է՝ ցեղասպանվածի, թույլի, պարտվողի հոգեբանությունից մեզ ազատած Արցախը՝ իր ամբողջ գաղափարական իմաստությամբ. Ընկե՛ր, իմ ու քո Արցախը... Եղել է՞, որ Արցախում անհասկանալի պարտքի մեծ զգացում ունենաք, որևէ բան անելու սուր ցանկությամբ լցվեք. Ընկե՛ր, Արցախի արյան հոտն զգացած կա՞ք, պատկերացնում ե՞ք ամեն թիզի մեջ քանի հայի արյուն կա...Թարթառի ձայնի անհանգիստ երջանկությունն զգացած կա՞ք, Շուշիում գոնե մի գիշեր արթուն լուսացրած կա՞ք...Շուշիի կերպարը, անհատականությունը, մշակութայի սերը, ճչացող խաղաղությունը, արիստոկրատ կեցվածքն զգացած կա՞ք...Գոնե մի անգամ Արցախի հարավի հողի բերքատվության գաղտնիքն զգացած կա՞ք, Կովսականի Սոսիների պուրակի աշունը տեսած կա՞ք, դա իմ ու քո Արցախն է, մեր Արցախն է...



Ուզածներս մի խաղաղ կյանք է։

Մանկությունս կորցրել եմ ապաստարաններում... Ես մինչև 5 տարեկանը մի հատ նկար չունեմ, մայրս ասում է մութ պադվալներում անլույս, անջուր, ո՞վ հավես ուներ երեխա նկարեր... Արդեն ամբողջ երիտասարդությունս պատերազմական սթրեսների, անքուն գիշերների, ցավի, պետականության կորստի վախի, հողը ոտքերիդ տակից փախչելու, կամայականությունների, հեռանկարի բացակայության, վաղվա անորոշության մեջ է անցնում...Որ
Երևանի երկնքում ինքնաթիռի ձայն եմ լսում՝ ընկնում եմ պատերազմական ասոցիացիայի մեջ ու մի 15 րոպե ուշքի չեմ գալիս.

Որ Համալսարանում աննորմալ բարձր վարձ էինք վճարում, միշտ ընկերներով ասում էինք ոչինչ, գնում է բանակ, Արցախը մերն է, Սոթք֊Քարվաճառը սարքում են, Արցախին կապող ճանապարհը բարեկարգվում է, Ստեփանակերտը սիրունանում է, Շուշիի թանգարանը վերանորոգվում է, չենք տրտնջացել, ամեն ինչ կուլ ենք տալիս, ամեն դժվարություն հանդուրժում ենք, համաձայն ենք եղել չոր հաց ու պանիր ուտենք՝ մենակ թե մեր Արցախը միշտ մերը լինի, միշտ արյունով նվաճած հողում հայ ապրի...

Ոսկի ու գանձ, ճոխ կյանք չենք ուզում, Վաղուց մոռացել են ճամփորդությունների, հաճելի ժամանցի, երազանքների մասին, որով ապրում են ուրիշ երկրներում ապրող երիտասարդները, երազածներս տարրական ֆիզիկական անվտանգություն է քո սեփական երկրում, ուզածներս մեր էս մի բուռ մնացած հայրենիքում խաղաղ մի կյանք է ու, որ կարողանանք հանգիստ խղճով երկինք նայել:

Երբևէ մտածել ե՞ք Արցախի շուրջ հյուսած նվիրական ինչ երազանքներով է Դուշման Վարդանն Արցախն ազատագրել, մտածել ե՞ք, որ նոյեմբերի 7-ին Վարդան Ամալյանը Շուշիի մատույցներում որոշել էր, որ Արցախը երբեք-երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու դրա համար կյանքը դրեց այդ գաղափարի հիմքում:

Վերջերս բոլոր մաղթանքներիս մեջ գերակշռում է մեկը՝ թող ոչ մի մարդ անհայրենիք չմնա...

Ով Արցախը չի սիրում, ուրեմն հաստատ չի տեսել, չի զգացել, չի հասկացել։

Աշխարհի ոչ մի, ոչ մի ուժ չի կարող հայ մարդուն հաշտ ապրել տալ իր հայրենիքի կորստի հետ․․․Պատերազմն ավարտվել է բայց մեր հոգում խաղաղություն դեռ չի հաատատվել։

Իսկ սթափվելու համար պետք է ոչ թե շեղվել տարատեսակ թեմաներով, այլ անընդհատ հիշել. Մենք հայրենազրկվեցինք, մենք կորցրեցինք մի ամբողջ երիտասարդ սերունդ, մենք կորցրեցինք մեր պայքարի, մեր համախմբման, մեր ազատության, մեր ուժեղ լինելու լավագույն ապացույցը՝ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՑԱԽԸ, իմ ու քո Արցախը, մեր սիրած Արցախը..

Սիրանույշ Մելիքյան


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև՝ Սիրանույշ Մելիքյանի հրապարակումները

Տավուշեցուն ոչ մի բան չի ընկճում, բացի զինվորի մահից

Այդ ճանապարհին եմ առաջին անգամ զգացել հայի՝ պետություն չունենալու աստիճանն ու զգացողությունը, միամտությունը, խաղաղասիրության դառնությունը. Սիրանույշ Մելիքյան

Խնդրում եմ կարդան միայն պետական մտածողություն ունեցող մարդիկ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ
Դիտվել է 31192անգամ
Վերջին լուրեր