04 / Ապրիլ / 2022 : 18-04

ԵՊՀ-ը բակում տեղի ունեցածը եղել է ապրիլմեկյան կատակ, դերասանները «Վիշապ» ֆիլմի անձնակազմից են եղել. «Շարմ Հոլդինգ»


Օրերս մամուլում տեսանյութ տարածվեց, թե Երևանի պետական համալսարանի բակում 3 հոգի փորձել են կողոպտել մի ուսանողուհու, և խուլիգանությունը կանխել է ոմն մոտոցիկլիստ: «Դեպքը» տեղի էր ունեցել ուրբաթ օրը՝ ապրիլի 1-ին:

Ըստ տեսանյութում առկա կադրերի՝ երեք հոգի մոտենում է երիտասարդ աղջկան և փորձում հափշտակել նրա իրերը: Այնուհետև կողոպտիչներին է մոտենում ոմն մոտոցիկլիստ և, այսպես ասած, «փրկում» նրան:

Տեսանյութը լայն արձագանք էր գտել հանրության շրջանում, և մեղադրանքները հիմնականում ուղղված էին ԵՊՀ-ը ղեկավարությանը՝ համալսարանում անվտանգությունը չապահովելու համար:



Կատարված վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունը՝ նշելով, որ տեղի ունեցածը եղել է բեմականացում, որը արձանագրել են ուսումնական հաստատության տարածքի տեսախցիկները: ԵՊՀ-ից նաև հայտնել էին, որ դերասանները եղել են «Շարմ հոլդինգի» անձնակազմից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Շարմ Հոլդինգ» ընկերությունից հայտնեցին, որ տեղի ունեցածը փոքրիկ կատակ էր Ապրիլի 1-ի՝ Հումորի օրվա առթիվ: Դերասանները «Վիշապ» ֆիլմի ստեղծագործական անձնակազմից են եղել:

Սպասե՛ք, «Վիշապ»-ը շուտով կհայտնվի բոլոր կինոթատրոնների էկրաններին»,- գրված է «Շարմ Հոլդինգի» ֆեյսբուքյան էջում:

Ընկերությունը նաև ներողություն է խնդրել բոլոր այն համաքաղաքացիներից, ովքեր հումորը լուրջ են ընդունել: Նկատենք, սակայն, որ նրանք ներողություն չեն խնդրել ԵՊՀ ղեկավարությունից՝ նրանց պատճառած անհարմարության և անհիմն քննադատությունների արժանացնելու համար:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 61557անգամ
Վերջին լուրեր