09 / Ապրիլ / 2022 : 17-12

Երբ սկսվեց պատերազմը, վերցրեց պապի որսորդական հրացանը ու գնաց հայրենի գյուղի սահմանները պաշտպանելու

Կան մարդիկ, որոնք երկար ապրում են, անգամ իրենց մահից հետո․․․ Այդ մարդիկ իրենց հողը, տունը, ջուրը սիրող մարդիկ են․․․այդ մարդիկ իրենց հասրակությանն ու հայրենիքին անվերապահորեն ծառայած մարդիկ են․․․ այդ մարդիկ հասարակության մեջ ինչ-որ բան դեպի լավը փոխած մարդիկ են․․․այդ մարդկանց մահը սգում են ոչ միայն հարազատներն ու ընտանիքը, այլ հասարակություն․․․

Հայկ Ապրեսյանը ծնվել է 1958 թ հուլիսի 28֊ին։ 1975թ-ին ավարտել է Պառավաքարի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետ։ Ավարտելուց հետո ընդունվել է հայրենի Պառավաքարի դպրոց` որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Կարճ ժամանակ անց, ընդամենը 24 տարեկան էր, ընտրվեց որպես դպրոցի տնօրեն։ Երբ սկսվեց պատերազմը, վերցրեց պապի որսորդական հրացանը ու գնաց հայրենի գյուղի սահմանները պաշտպանելու։
Առավոտյան դիրքերից իջնում էր, հագնում կոստյումն ու գնում դպրոց։ Դասերի ավարտից հետո նորից բարձրանում էր դիրքեր։Կանոնավոր բանակի ստեղծումից հետո, դիմում գրեց ու դուրս եկավ դպրոցից` գերադասելով բանակը։Երկար տարիներ աշխատել է դաստիարակչական գծով գումարտակի հրամանատարի տեղակալ։ Արժանացել է մի շարք կոչումների և մեդալների (Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ)։
Պառավաքար գյուղի արժանապատիվ զավակ Հայկ Ապրեսյանի մահվան լուրը գյուղը շատ ծանր տարավ։ Պատվարժան ուսուցիչ Խաչիկ Բուլղադարյանն այդ կապակցությամբ գրեց․ Անհուն ցավով տեղեկացա Հայկ Ապրեսյանի` իմ սիրելի աշակերտի, արժանավոր գործընկերոջ, վեհանձն տնօրենի, մարտական և հոգեհարազատ ընկերոջ վախճանի մասին:
Լու´յս իջնի հոգուդ, Հայկ ջան. քո հիշատակը անմար կմնա մեր բոլորի սրտերում: Խորին խոնարհումս ընտանիքիդ անամոք վշտի առաջ:
Yelaket.am-ը կապ հաստատեց Բերդ համայնքի 4-րդ դպրոցի տնօրեն Ալբերտ Պապյանի հետ։ Վերջինս այսպես բնութագրեց Հայկ Ապրեսյանին․ Ապրեսյանի հետ աշխատել եմ շուրջ հինգ տարի։Հենց առաջին հանդիպումից մենք համակրել ենք միմյանց, առաջին խոսքից հասկացել ու կարողացել մեր համագործակցությամբ օգնել դպրոցին, ուսուցչին նորովի կառուցել դասապրոցեսն ու ընդհանրապես ողջ ուսումնա-դաստիարակչական աշխատանքը,ներդնել արդյունավետ,առաջադեմ մեթոդներ,հնարներ և ձևեր։ Հայկ Ապրեսյանը ինտելեկտուալ, համակողմանի զարգացած,իր գործի գիտակ,բարեկիրթ անձնավորություն էր։ Հետագայում,երբ հանգամանքների բերումով նա հեռացավ դպրոցից,ես ափսոսացի․․․ Հայկի նման տնօրեններն ու ուսուցիչները մեր երեխաներին,մեր սերնդին շա՜տ-շա՜տ անհրաժեշտ են․․․
Հայոց լեզվի և գրականության սիրված և հարգված ուսուցչուհի Ամալյա Խաչատրյանն էլ այսպես հայտնեց իր կարծիքը՝ գործընկերոջ մասին․
Հարգանքի արժանի տնօրեն, լավ մանկավարժ, մարդկային լավագույն արժեքներով օժտված անձ, ընտանիքին նվիրված մարդ, հոգատար պապիկ, հայր, ով երկու կրթված և դաստիարակված զավակ է տվել իր հայրենիքին:
Մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Զոհրաբյանն էլ երջանկահիշատակ գործընկերոջը բնութագրեց որպես առաքինի, մարդկային բարձր և վեհ արժեքներ կրող մարդ, ազգին, հայրենիքին նվիրված հայ, որի կորուստը մեծ ցավ է ընկերների համար։
Դիտվել է 6535անգամ
Վերջին լուրեր