Լիլիթ Մակունցը ԱԺ-ում «Իմ քայլի» անունից խոսեց այսօրվա ծեծկռտուքի մասին

Ես ուզում եմ «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից ու բոլոր հայրենակիցներից, ովքեր ականատես են եղել միջադեպին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Խմբակցության անունից ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքին ու տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»,-ասաց նա:
Մակունցը հայտարարեց, որ ամեն ինչ սկսվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքից, երբ այդ մասին դիրքորոշում հայտնեց նաև ԼՀԿ-ն՝ կողմ չքվեարկելով նախագծին. «Այդ պահից շեշտակի փոխվեց ԼՀ խմբակցության վարքագիծը: Պարոն Մարուքյանը երբեք իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել այս գումարման Ազգային ժողովում»:
Մակունցը հիշեցրեց նաև Մարուքյանի սեռական բնույթի հայհոյանքի մասին՝ նշելով, որ դրա համար ներողություն չի եղել. «Դրան հետևեցին ինչ-որ գործընթացներ արդեն ԱԺ դահլիճից դուրս»:
Մակունցի խոսքերով, ԼՀԿ-ն սադրում է իշխող ուժին. «Որևէ կերպ չեմ արդարացնում միջադեպը, նորից ներողություն եմ խնդրում: Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրենք, որ ԼՀ խմբակցությունն ԱԺ է բերում ԱԺ-ից դորս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը, ոչ թե՝ իր»: