10 / Մայիս / 2022 : 17-43

Երիտասարդ ծանրորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Երիտասարդ ծանրորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 մեդալ է նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Գոռ Սահակյանը (67 կգ):

Հայաստանի հավաքականի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճել է 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200)։ Ի դեպ, նա երկրորդ տարին անընդմեջ է հռչակվել երիտասարդների աշխարհի չեմպիոն:


Պոկում վարժությունում Կարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա՝ 170 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալին: Հրում վարժությունում էլ հայ ծանրորդը նախ գլխավերևում պահել է 190 կգ, ապա 195 և 200 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում էլ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ):

89 կգ քաշայինների պայքարում Սուրեն Գրիգորյանն արծաթե մեդալակիր է դարձել երկամարտի 340 կգ արդյունքով (155 + 185)։

Պոկում վարժությունում հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 155 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին:



Ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը պոկում վարժությունն ավարտել է՝ գլխավերևում պահելով 145 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում պատվիրել է 190 կգ, բայց, երեք մոտեցումն էլ ձախողելով, զրո է ստացել և անմասն մնացել մեդալներից:

Աղջիկների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (81 կգ) երկամարտի 211 կգ արդյունքով (96+115) զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում վերջինը մրցահարթակ է դուրս եկել 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը և երկամարտի 363 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունը հայ ծանրորդն ավարտել է 161 կգ, իսկ հրում վարժությունը՝ 202 կգ արդյունքով։

Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Ամրիդինովը (372 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Պաղեստինի ներկայացուցիչ Համադա Մոհամեդը (361 կգ):

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր էր մեկնել 9 ծանրորդ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11739անգամ
Վերջին լուրեր