11 / Մայիս / 2022 : 08-51

Գետից հանելուց հետո կատարվել են ներարկումներ, բայց հաղորդավարուհու կյանքը փրկել չի հաջողվել. տեսանյութ

Մայիսի 9-ին Դեբեդ գետի վրա ռետինե նավակով նկարահանումներ կատարելիս «Շանթ» հեռուստաընկերությամբհեռարձակվող հաղորդման հեղինակ Արմինե Ճաղարյանն ընկել է գետն ու մահացել։ Դեպքի վայր մեկնած ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները, ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները հաղորդավարուհուն հայտնաբերել են դեպքից մոտ 7 կմ հեռու՝ գետի «Սանահին» կայարանի հատվածից:

Արտակ Պողոսյան (Լոռու մարզային փրկարարական վարչության ավագ հրահանգիչ) - Քանի որ Դեբեդ գետը բավականին վարար է եղել, փկրարարական հատուկ միջոցներով և պարանների օգնությամբ փրկարարների մեծաթիվ ջանքերով դուրս է բերվել գետից։

31-ամյա կնոջը գետից դուրս են բերել անգիտակից վիճակում, շտապօգնության բժիշկներն արձանագրել են Ճաղարյանի մահը:

Հովիկ Ավետիսյան (Ալավերդու ԲԿ փոխտնօրեն) - Փրկարարները փոխանցել են շտապօգնության բրիգադային, երկրորդ բրիգադան, որ ուղարկվել էր, արդեն շտապօգնության կողմից արձանագրվել է կենսաբանական մահ։ Բայց դրանից հետո փորձվել է կատարել վերականդանացման պահանջվող միջոցառումները, կատարվել են ներարկումներ, բայց այդպես էլ, ցավոք սրտի, հնարավոր չի եղել փրկել տուժողի կյանքը։

Դեռ մայիսի 8-ին ռաֆտինգ իրականացնող ընկերությունը հայտարարել էր, որ անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։ Ըստ գրառման` հորդառատ անձրևների պատճառով գետը վարարել է, վտանգավոր ու նույնիսկ անթույլատրելի է վարել սկսնակների համար։ Չնայած հրապարակմանը՝ ինչու է ընկերությունը նկարահանող խմբին թույլատրել նավարկել, և պահպանվել են արդյոք անվտանգության կանոնները, պարզել չհաջողվեց:

Ընկերության ներկայացուցիչը սկզբում համաձայնեց զրուցել «Լուրեր»-ի հետ, հետո դադարեց պատասխանել զանգերին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 78170անգամ
Վերջին լուրեր