24 / Հունիս / 2022 : 14-45

ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 450 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 450 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի: Քիրբիի խոսքով՝ օգնության հաջորդ փաթեթը կներառի զենք ու տեխնիկա։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ը 18 պարեկային նավ կմատակարարի Ուկրաինային օգնելու պաշտպանել իր ափերն ու ջրային ուղիները։ Սպիտակ տան հաշվարկներով՝ Ջո Բայդենի նախագահության սկզբից ի վեր ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմել է մոտ 6,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ այդ միջոցների զգալի մասը հատկացվել է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո:

Քիրբին նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է իր աշխատանքը դաշնակիցների և գործընկերների հետ՝ ուկրաինական հացահատիկը երկրից դուրս բերելու և համաշխարհային շուկաներ հանելու համար։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջիկա այցին Եվրոպա՝ հանդիպելու G7-ի առաջնորդների հետ, Քիրբին վերահաստատել է Վաշինգտոնի առաջնահերթությունները՝ «Ռուսաստանին ավելի մեկուսացնել համաշխարհային տնտեսությունից, թիրախավորել ռուսական պաշտպանական մատակարարման շղթան, ճնշել երկրին աննախադեպ պատժամիջոցների միջոցով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4220անգամ
Վերջին լուրեր