28 / Հունիս / 2022 : 12-12

50 երկրում հայտնաբերվել է կապկի ծաղկի 3400-ից ավելի դեպք․ ԱՀԿ

Այս տարվա սկզբից աշխարհի 50 երկրներում կապկի ծաղկի 3413 դեպք է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ մահվան ելքով։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահութան համաշխարհային կազմակերպությունը։ Ընդ որում, 1300-ից ավելի դեպք հայտնաբերվել է միայն վերջին տասը օրվա ընթացքում։

Կապկի ծաղկի դեպքերի 86 տոկոսը բաժին է ընկնում եվրոպական տարածաշրջանին։ Ամենաշատ դեպքերը Մեծ Բրիտանիայում են (793), որին հաջորդում են Գերմանիան (521), Իսպանիան (520), Պորտուգալիան (317), Ֆրանսիան (277), Նիդերլանդները (167) և ԱՄՆ-ն (142)։ Մնացած 43 երկրներում և տարածքներում վարակվածների թիվը 100-ից պակաս է։



Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Կազմակերպությունը նշում է, որ կապկի ծաղկի համար ոչ էնդեմիկ երկրներում հիվանդությունը տարածվում է հիմնականում տղամարդկանց շրջանում, որոնք ինտիմ կապ են ունեցել «նոր կամ բազմաթիվ զուգընկերների հետ»։

Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:

Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն հիվանդության համաշխարհային մասշտաբով տարածման վտանգը համարում է չափավոր։
Դիտվել է 15428անգամ
Վերջին լուրեր