01 / Հուլիս / 2022 : 19-42

«Դուք ուրիշ տղեք եք...Սա կյանքիս ամենահուզիչ շնորհավորանքն էր...»․ Ձախ Հարութն իր ծննդյան օրը նշեց ԶԻՆՎՈՐԻ ՏԱՆԸ (տեսանյութ)

Հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) իր 72-ամյակը նշել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում, որտեղ բուժում են ստանում Արցախյան պատերազմների ժամանակ վիրավորված զինծառայողները։ Տղաները նրան անակնալով են դիմավորել` երգելով «Արձագանք» խմբի «Ծնունդդ շնորհավոր» երգը։Զինվորի տունը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում, որում երևում է, թե ինչպես է Ձախ Հարութը ողջունում բոլորին ու փչելով հանգցնում տորթի մոմերը։«Իմ կյանքում 70 անգամ շնորհավորել են, բայց ձեր շնորհավորանքն ինձ համար 100 անգամ ավելին արժե, որովհետև դուք կարևոր ու յուրահատուկ եք ինձ և մեր ժողովրդի համար։ Դուք ուրիշ տղերք եք, սա էլ իմ կյանքի ամենալավ ու հիշարժան ծննդյան օրերից մեկն է»,- ասաց երգիչը և բոլոր տղաներին առողջություն ու երկար կյանք մաղթեց։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ձախ Հարութին տղաների անունից պայթած ռումբից պատրաստված կենաց ծառ նվիրեց։Երգիչը շնորհակալություն հայտնեց և ընդգծեց, որ ազգեր կան, որոնք այլ ժողովուրդների կոտորելով հպարտանում են, սակայն հայն այդ ազգերից չէ։

«Այս ռումբը երևի ձեր վրա են գցել, բայց դուք սա վերածել եք արվեստի և ինձ եք նվիրում։ Ինձ շատ բաներ են տվել, անգամ ոսկե ձայնապնակ, սակայն սա է ամենահիշարժանը։ Ես այս նվերը կտանեմ ինձ հետ ու տանս կարևոր անկյուններից մեկում կդնեմ»,- նշեց Փամբուկչյանը և խոնարհվեց տղաների առջև։ Նա էլ որոշեց տղաներին նվեր անել ու մի քանի երգ կատարեց` «Երևանի գիշերներում», «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես», «Կարմիր կակաչները», «Մենք չենք լինի էլ 20 տարեկան» և այլ երգեր։Երգիչը նաև հուլիսի 3-ին կայանալիք իր համերգի տոմսեր նվիրեց Զինվորի տան տղաներին։

Նշենք, որ հուլիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվում է Հարութ Փամբուկչյանի 72-ամյակին նվիրված համերգը, որը կրում է «70/2»-ը խորագիրը:

տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 49352անգամ
Վերջին լուրեր