19 / Հուլիս / 2022 : 12-00

ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում. Նեդ Փրայս

Երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության, դեմոկրատական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է, և ԱՄՆ-ն կշարունակի աջակցել դրան բոլոր հնարավոր եղանակներով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել իր դերը Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն իսկ ակտիվ դեր է խաղում այդ գործընթացում։

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ այդ հարցում պատրաստ ենք փոխգործակցել մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության»,-ասել է Փրայսը։


Նա նշել է, որ վերջին շաբաթներին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հնարավորություն է ունեցել շփվելու հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ։

«Պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը և այլ անձինք հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով շփվել իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ երկխոսությունը խաղաղ, դեմոկրատական և բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- նշել է նա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 3816անգամ
Վերջին լուրեր