17 / Օգոստոս / 2022 : 01-06
Մահացել է Հրաչուհի Փալանդուզյանը
Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ
Հրաչուհի Փալանդուզյանը ծնվել է 1951թ.՝ Վարդենիսի շրջան մանկավարժական աշխատանքի գործուղված արևելագետ Արտաշես Փալանդուզյանի և աշխարհագրության ուսուցչուհի Սիրուշ Հարությունյանի ընտանիքում:
1969թ. ավարտել է Տավուշի մարզի (նախկին Շամշադինի շրջան)Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1975-ին՝ Երևանի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Մասնագիտական աշխատանքն սկսել է շրջանային «Այգաբաց» թերթում (1976-77թթ.), ուր հեղինակել է ակնարկների և հրապարակախոսական հոդվածների բազմաթիվ շարքեր:
1977թ. ընդունվել է Հայկական ռադիոյի Սփյուռքի համար հաղորդումների խմբագրություն՝ վարելով Հայ դատին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, համազգային այլ հիմնահարցերի վերաբերյալ հարյուրավոր հաղորդումներ: 1992-94թ թ. ղեկավարել է «Հանրապետության ձայն» ռադիոգործակալության հասարակական-քաղաքական բաժինները՝ ուղիղ եթերում վարելով «Եթեր, ցպահանջ», «Տեսածիր», «Քաղաքական դիմանկար», «Արցախի ժամ» և այլ հանրաճանաչ հաղորդաշարեր:
1994թ. ռադիոյից հեռացել է և աշխատանքի անցել մամուլում («Առավոտ» օրաթերթ, «Բումերանգ» շաբաթաթերթ, «Երկիր» օրաթերթ): Այդ շրջանից հիշարժան են «Պաշտոնական պատասխան», «Օրվա խոհ», «Բարքեր», «Ազատ շնչառություն», «Ծանրության կենտրոն», «Կիսակայարան» հոդվածաշարերը և նշանավոր մտավորականների հետ բազմաթիվ հարցազրույցները:
1998թ. հրավիրվել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն՝ որպես այդ կենտրոնի և «Հայացք Երևանից» հանդեսի խմբագիր: Մինչև 2005թ. աշխատակցելով կառույցին՝ գրել է տասնյակ հոդվածներ ու հարցազրույցներ, խմբագրել հայագիտական, քաղաքական, տնտեսագիտական, սոցիալական բնույթի մի շարք մենագրություններ, տարեգրքեր և «Տասնամյա հանրագումար» մեծածավալ ժողովածուն:
2004-2005թթ. գրել է «Քառակուսի գնդակ» քաղաքական վեպը, որը 2006թ. լույս է տեսել պետական աջակցությամբ և ներկայացվել գրականության և հրապարակախոսության ոլորտում 2007թ. պետական մրցանակի:
2005-2006թթ. աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում՝ իբրև նախարարի խորհրդական: Այդ ընթացքում խմբագրել և համահեղինակել է «Հայաստանի մշակութային քաղաքականության ազգային զեկույցը»: 2006թ. խմբագրել է Գ. Մանասյանի «Խորհրդանշանների հանրագիտարանը», 2007-ին՝ Կարեն Երվանդյանի «Տարոնականություն» աշխատությունը, 2013-ին՝ Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հնագույն պարեր» մենագրությունը, 2014-ին՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը (թարգմանությունը՝ Արմենուհի Փալանդուզյանի):
2007-2013թթ. աշխատել է «Հայաստանի զրուցակից» երկլեզվյա շաբաթաթերթում՝ որպես հայերեն թողարկման խմբագիր: Համագործակցել է ԵՊՀ դասախոսների հիմնած «Ազգային գիտակցություն» ակումբի հետ (հոդվածները տպագրվել են «Անդրադարձ» շաբաթաթերթում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):
2013-ին տպագրության է պատրաստել հոր՝ Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն, որն «Անքեն սիրտ» վերնագրով տպագրվել է «Լուսակն» հրատարակչությունում:
2013թ. Լեզվի պետական տեսչության և ԳԱԱ Լեզվի ինստիտուտի երաշխավորությամբ հրատարակվել է նրա «Գործածական բառացանկը»՝ 4000 օտարամուտ բառերի հայերեն համարժեքների, հատուկ անունների և մոտ 100 հապավման ներառմամբ: Գիրքը լույս է տեսել Սփյուռքի նախարարության դրամաշնորհով:
2014թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տպագրել է Հ. Փալանդուզյանի «Հայեցի հայերեն» հոդվածաշարը՝ կազմված լեզվաոճական շուրջ 300 շտկումից:
2009-2014թթ. Հ.Փալանդուզյանի լրագրողական հետաքրքրություններն արտացոլվեցին «Լրագրության աստիճանները» գրքում, որը դեռևս անտիպ է: Տպագրության են սպասում նաև 2009-2016թթ. գրված «Ներգաղթ», «Պատգամավորի դուստրը», «Կեռան թագուհու ավետարանը», «Կին արարած», «Գիշերային հյուրը» և «Հարսնատես» վեպերը, ինչպես նաև 70-ից ավելի պատմվածքներն ու «Լրագրողի գանձատուփից» նովելաշարը՝ նվիրված հայ երևելի մտավորականների հետ հեղինակի հանդիպումներին: Դրանք պարբերաբար զետեղվում են Դիմագրքում և «Մագաղաթ.ամ» պատմաշակութային կայքում:
Ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ ունի Հայոց ցեղասպանության թեման, ինչը բյուրեղացել է բազմաթիվ եղեռնապուրծ հայերի հետ հարցազրույցների, ինչպես նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում վերծանած հարյուրավոր ձայնագրությունների շնորհիվ:
Հայոց մեծագույն ողբերգությանն ու պահանջատիրությանն են նվիրված «Հարսնատես» վեպը, «Նոյեմ հարսի դաշույնը», «Անդրանիկ զորավարի դիմանկարը», «Վայրի սեր», «Հին ձայնագրություն» և այլ պատմվածքներ:
Հեղինակի նախասիրություններից մեկն էլ ասույթներ գրելն է, դրանց թիվն անցնում է 6000-ից:
Ամուսինը ճարտարագետ Գագիկ Պապյանն է, ունի երկու որդի. Արմեն Պապյանն ավարտել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստառեժիսուրայի բաժինը, Վահեն՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ունի դպրոցական երեք թոռնիկ, նրանց են նվիրված «Ես գնացի, կգամ», «Դավիթի բոլոր սերերը» և «Մանեի ծաղիկները» վիպակները:
Մագաղաթ.am-ը ցավակցում է Հրաչուհի Փալանդուզյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին:
Դիտվել է
37533անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...