15 / Սեպտեմբեր / 2022 : 11-54

Կարին Տոնոյանը գործողությունների պլան է հրապարակել


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն

Հարգելի՛ հայրենակից,
Նախ՝ երեկվա մասին: Ազգային Ժողովի մոտ հավաքը ինքնաբուխ էր, հընթացս ձևավորված ամբիոնը նույնպես և հետևաբար արված հայտարարությունները անկազմակերպ էին: Այն բոլոր հայտարարությունները, որոնք բռնության կամ քաոս հրահրող երանգներ ունեին, մեր սատարումը չունեն, դրանք մեր օրակարգի մաս չեն հանդիսանում:

Մեր օրակարգը, մեր առաջիկա անելիքները հետևյալն են, որոնց շուրջ և տեղի է ունենալու ժողովրդի համախմբումը:

Արձանագրենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հենարանը և նրա ապազգային ու հակապետական որոշումները սպասարկողները (նաև լուռ համաձայնությամբ), հետևյալ պետական մարմիններն են. Ազգային Ժողով, Կառավարություն, Դատական համակարգի զգալի մասը, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն: Հենարան են նաև մեդիա դաշտի մի մեծ հատված, ներառյալ Հանրային Հեռուստաընկերություն և ռադիո, հասարակական կազմակերպություններ, տնտեսական դաշտում գերակա դերակատարներ, այդ թվում օլիգարխիկ համակարգի մաս կազմող անհատներ, որոնք նաև սերտաճել են ներկա իշխանությանը:
Մեր թիվ մեկ խնդիրն է զրկել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հենարանից և հեռացնել նրան պաշտոնից, ձևավորել անցումային կառավարություն, իրականացնել ճգնաժամային կառավարում, պետության ռեսուրսները առաջանահերթ ուղղել Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնմանը, վերազինել մեր բանակը նոր տեխնոլոգիական մարտական կարողություններով և ունակություններով` տալով նրան հնարավորություն ապահովելու Հայաստանի Սահմանադրությամբ բանակի վրա դրված պարտավորությունը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:


Վերոնշյալն իրագործելու համար հարկավոր են հետևյալ գործողությունները.

Գործողությունների խումբ 1.

Ժամանակավորապես (մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը) պարալիզացնել հակապետական որոշումների հենարան հանդիսացող պետական կառույցների, կազմակերպությունների, խմբերի և անհատների հանցավոր համագործակցությունը: Սրա համար հարկավոր է այսօրվանից սկսած ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով արգելափակել Կառավարության հիմնական մարմիններում` նախարարություններում, մարզպետարաններում և բուն կառավարության նստավայրում որևէ տեսակի գործունեություն: Դուրս եք գալիս փողոց, ինքնակազմակերպվում եք և խաղաղ գործողություններով արգելափակում եք նշված մարմինների նստավայրերը և խաթարում եք դրանց գործունեությունը մինչև համապատասխան անձի հրաժարականը: Այս նույն գործողություններն ենք իրականացնում նաև Բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռուստաընկերության և այլ իշխանական լրատվամիջոցների, իշխանության սատարող հասարակական կազմակերպությունների և օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հիմնական ձեռնարկությունների նկատմամբ:

Գործողությունների խումբ 2.

Զուգահեռ, շրջափակում ենք Ազգային Ժողովի շենքը, ԽԱՂԱՂ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ գործողություններով և բացատրական աշխատանքներով ուղղորդում ենք ՔՊ կուսակցության պատգամավորներին ներկայանալ Ազգային Ժողով և միանալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին անվստահություն հայտնող փաստաթղթին. սա, ժողովրդի պահանջի համաձայն, երեկ ԱԺ ընդդիմադիր ուժերը պարտավորվել են նախաձեռնել:
Նշված մարմինների, կազմակերպությունների և անհատների գործունեությունը խաթարող անհնազանդության խաղաղ գործողությունները իրականացվում են այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականին:

Գործողությունների խումբ 3.

Առաջին երկու խումբ գործողություններին զուգահեռ ձևավորվում է անցումային կառավարության օրակարգը և այդ օրակարգն իրականացնող մարդկանց շրջանակը: Ժամանակավոր` անցումային կառավարության ղեկավարը` վարչապետը, կլինի անձ, որը գործելու է միայն հայտարարված օրակարգի շրջանակներում և կատարելու է ճգնաժամային կառավարման կոլեգիալ որոշումները, նա պետք է վայելի հանրային բարձր վստահություն:

Միաժամանակ, հայտարարում ենք, որ բոլոր այն պետական ծառայողները և պետական մարմինների այն բոլոր ներկայացուցիչները, ՔՊ բոլոր պատգամավորները, որոնք հրապարակայնորեն կհրաժարվեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, կստանան անվտանգության երաշխիքներ անցումային կառավարության կողմից, որը կապահովի և կերաշխավորի նրանց և նրանց ընտանիքների անվտանգությունը:
Վերջապես, խոսքն ուղղում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձրագույն սպայական կոչում ունեցող հրամանատարական ներկա և նախկին կազմերի բոլոր ներկայացուցիչներին: Հրաժարվե՛ք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ համագործակցելուց, միացե՛ք մեզ` ժողովրդին, միասին վերականգնենք խարխլված անվտանգային համակարգը: Հայ ազգը սպասում է իր արժանավոր զավակների համախմբանը` հանուն պետության ու ժողովրդի գործուն և նվիրական քայլերի:

Աստված օրհնի մեր ժողովրդին, մեր պետությունը և մեր պետության ու ժողովրդի անվտանգության երաշխավոր բանակը:

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Կարին Տոնոյան
Դիտվել է 147764անգամ
Վերջին լուրեր