Ամերիկյան ընկերությունը կորոնավիրուսն ամբողջովին չեզոքացնող հակամարմին է հայտնաբերել
Ամերիկյան Sorrento Therapeutics կենսադեղագործական ընկերության գիտնականները հայտարարել են, որ հակամարմին են հայտնաբերել, որն ունակ է ամբողջությամբ արգելափակել կորոնավիրուսը:
Ինչպես փոխանցում է Fox News-ը, ընկերության մասնագետները միլիարդավոր հակամարմիններ են փորձարկել, որոնցից հարյուրավորները ունակ են եղել ազդելու կորոնավիրուսի վրա: Ուսումնասիրելով դրանք՝ հետազոտողները պարզել են, որ դրանցից մեկը՝ STI-1499 հակամարմինը, կարող է հարյուր տոկոսով պաշտպանել մարդու բջիջները SARS-CoV-2-ով վարակվելուց:
Ընկերությունից բացատրել են հակամարմնի գործունեության սկզբունքը. «այն շրջանակի մեջ է վերցնում վիրուսը և դուրս բերում օրգանիզմից 4 օրվա ընթացքում»:
Ընկերության ղեկավար Հենրի Ջին նշել է, որ փորձարկումները դեռևս լաբորատոր պայմանաներում են իրականացվել, այդ իսկ պատճառով ընկերությունը դեռ չի կարող դեղ արտադրել: Նա հավելել է, որ տվյալ դեղամիջոցով բուժում իրականացնելու պարագայում կարելի կլինի վերացնել կարանտինային միջոցառումները:
«Եթե մենք չեզոքացնող հակամարմին ունենանք օրգանիզմում, ապա սոցիալական հեռավորություն պահպանելու կարիք չի լինի»,- մեկնաբանել է մասնագետը: